Չեմ ասում համատիրություններին բնաջնջենք, բայց առաջարկում եմ աշխատանքի կոնցեպտը փոխել. Զոհրաբյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ նախագծով բարձրացվել է հյուրանոցների համար աղբի վճարման դրույքաչափը և իջեցվել արտադրական աղբի դրույքաչափերը։
«Հաշվի առնելով, որ այս թափոնների տեսակները տարբեր են և ազդեցություն էլ տարբեր է, կարծում եմ, որ արտադրական աղբի դրույքաչափերի նվազեցումը ողջամիտ չէ: Եվ ո՞վ է կշռելու, եթե մենք հնարավորություն ենք տալիս աղբի համար վճարել ծավալի դիմաց, ի՞նչ մեխանիզմներով, խնդրում եմ հստակ մեխանիզմներ ներկայացնել, այլապես ստացվում է՝ կարգավորում ենք անում, որի մեխանիզմները չգիտենք ու որը վիճակն ավելի է վատացնելու»,-ասաց նա։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր ելույթում անդրադարձավ համատիրությունների խնդրին։
«Ես պարտաճանաչ հարկատու եմ, տարին դեռ չսկսած ես ամբողջ տարվա համար վճարում եմ համատիրությունում, բայց չեմ ստանում այն ծառայությունը, որը պետք է։ Ես ապրում եմ Երևանի ամենակենտրոնում։ Եթե ամենակենտրոնում համատիրությունը չի կատարում իր պարտականությունը, և ամենածայրամասում էլ նույն վիճակն է։ Մենք համատիրությունների կոնցեպտը պետք է փոխենք։ Մենք կոնցեպտը պիտի փոխենք համատիրությունների աշխատանքի։ Ես հիմա հասկանում են, որ համատիրությունները սրբազան պատերազմ կհայտարարեն հիմա իմ դեմ, կասեն՝ ինչ է եղել, մարդիկ մի 50-60 հազար դրամ աշխատավարձ են ստանում, դա էլ եք ուզում փակեք։ Չէ, չենք ուզում փակենք, պարզապես ուզում ենք, որ եթե մենք, պարտաճանաչ հարկատուներս օրինապաշտ ձևով վճարում ենք, դրա դիմաց ստանանք նաև առնվազն գոնե միջինացված կարգի ծառայություն։ Ես չեմ ասում համատիրություններին բնաջնջենք, ցեղասպանություն անենք, բայց առաջարկում ենք իրենց աշխատանքի կոնցեպտը փոխել»,- ասաց Զոհրաբյանը։
Պատգամավորը նշեց, որ պատրաստ է օրինագիծ մշակել և քննարկման ներկայացնել։
Հարակից հրապարակումներ`
- Համատիրությունները լուծարվելու են. առաջարկվում է մասնագիտացված կառավարման մոդել
- Վարչապետ. Համատիրությունների աշխատանքը պետք է կազմակերպել հնարավորինս արդյունավետ
- Համատիրությունների խնդիրը մնում է