Վագոն-տնակը կդառնա հիշողություն. ՎիվաՍել-ՄՏՍ
Վագոն-տնակում տասներկու տարի բնակվող Մհերյանների ընտանիքը տուն է կառուցում: Արարատի մարզի Մրգավետ համայնքում բնակվող այս ընտանիքից յոթ տարի է պահանջվել` տան պատերն ու տանիքը կառուցելու համար: Ձգձգվող շինարարության դանդաղ ընթացքը վերջնական արդյունք չի տվել:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորական խմբերը միացել են՝ խնդրի լուծումն արագացնելու և վագոն-տնակից ընտանիքի տեղափոխումն օր առաջ իրականություն դարձնելու նպատակով: Գարնան վերջին բնակարանաշինության ծրագրում ընդգրկված Մհերյանները մինչև տարեվերջ տուն կունենան:
«Տան շինարարությունը տարիներ առաջ կնոջս հայրը սկսեց: Դժբախտ պատահարի պատճառով նրա կյանքը, ցավոք, ընդհատվեց, իսկ շինարարությունը կիսատ մնաց: Ճիշտ է՝ ես աշխատում եմ, սակայն աճող ընտանիքիս հոգսը թույլ չէր տալիս ավարտին հասցնել տարիներ առաջ սկսած գործը: Ձեր օգնությունն իսկական հրաշք էր մեզ համար»,- ասել է ընտանիքի հայրը՝ Սամվելը։
ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ գործակցող կողմերի համար կամավորությունը վաղուց արժեհամակարգ է դարձել: Նրանց համախմբել է հայրենակիցներին օգտակար լինելու ցանկությունն ու արդյունքի հասնելու կամքը: Սրտացավ մոտեցումը ընտանիքի համար մեծ օգնություն է. աշխատանքի ծավալը ընտանիքից տևական ժամանակ էր պահանջելու, բայց կամավորների օգնությամբ այն ավարտին է մոտենում հաշված ժամերի ընթացքում:
«Սովորաբար մարդկանց համախմբում են հետաքրքրությունները, նախասիրությունները, աշխատանքային պարտականությունները և այլն: Ամենաուժեղ կապն ու արդյունքը լինում է այն ժամանակ, երբ մարդկանց միավորում է միևնույն գաղափարը: Արդեն տևական ժամանակ, մեր թիմերը միացել են կամավորության արժեհամակարգի շուրջը: Թիմերի միասնական աշխատանքը տեսնելիս, դժվար չէ նկատել, թե որքան դրական էներգիա են նրանք ստանում միասնաբար աշխատելիս և այդ էներգիան փոխանցում մյուսներին: Եվ դա պատահական չէ. նրանց առաջնորդում են բարի կամքը և օգտակար լինելու ձգտումը: Ուրախ եմ արձանագրել, որ դիմացինին աջակցելու պատրաստակամությունը կենսակերպ է դարձել շատերի համար: Ի վերջո, հրաշալի է, երբ մարդիկ միասին են՝ կառուցելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Այս ընտանիքը, ապագայի հանդեպ մեծ հույսով, բոլոր հնարավորություններն օգտագործել է՝ քարը քարին դնելու համար: Հույսի վկայությունը նոր ծնված երեխան է: Այս ընտանիքում երեք երեխա է մեծանում: Ուրախալի է տեսնել նրանց ոգևորությունը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Հայաստանի բոլոր մարզերում իրականացվող շինարարական աշխատանքները կավարտվեն տարեվերջին՝ երջանկություն պարգևելով գրեթե չորս տասնյակ ընտանիքի:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանամերձ Գոմքում լուծվել է տասնամյակների խնդիր. ՎիվաՍել-ՄՏՍ
- ՎիվաՍել-ՄՏՍ. Եվս մեկ ընտանիք կզգա սեփական տուն ունենալու երջանկությունը
- 30 տարվա վագոն-տնակը մինչև տարեվերջ կմնա անցյալում. ՎիվաՍել-ՄՏՍ
- ՎիվաՍել-ՄՏՍ. Մայիսյան տոների առթիվ՝ ստացի՛ր 50 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան՝ 30 օրով
- Առաջարկ մայիսյան տոներին ընդառաջ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ից
- «Apps Club». խաղեր, հետաքրքիր հավելվածներ և ոչ միայն. Վիվասել-ՄՏՍ
- Ավագ ուրբաթն աշխատանքային է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնների համար