Սահմանադրագետ. Իրավական համակարգը հուղարկավորվում է
ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի՝ ԱԺ-ում երեկ արած հայտարարությունն անհեթեթ է, անլուրջ, հակասահմանադրական և հակաօրինական։ Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։
«Իմաստ էլ չեմ գտնում անլուրջ հայտարարությունը մեկնաբանել, այդ հայտարարությունը ոչ մի տրամբանության մեջ չի տեղավորվում, անհեթեթ է»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ Ազգային Ժողովում Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ ինքը ՍԴ երկրորդ դատավորն է, այս պահին միակը, քանի որ մյուս դատավորը բացակայումէ այս օրերին, ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների ու պարտականությունների կատարումը։
Սահմանադրագետի համար Գրիգորյանի հայտարարությունից առավել ցավալի է այն, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները ծափողջյուններով են ողջունում այն։
«Դրան հետևում է այն, որ աստիճանաբար մեր սահմանդրությունն ու իրավական համակարգը կորցնում են իրենց արժեքն ու հուղարկավորվում են»,-ասաց նա։
Վարդան Ավկազյանը պնդում է, Վահե Գրիգորյանն իր հայտարարությամբ Սահմանադրության երկու հոդված է խախտել։
«Խախտվել է Սահմանդրության 166 հոդվածն ու 213հոդվածը»,-մանրամասնեց նա։
Սահմանադրության 166 հոդվածը մասնավորապես սահմանում է.
«Դատավորների ընտրության և նշանակման կարգը
Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով: Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Դատավորների ընդհանուր ժողովը կարող է առաջարկել միայն դատավորներ: Նույն անձը Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ:
Դատավորները պաշտոնավարում են մինչև վաթսունհինգ, իսկ Սահմանադրական դատարանի դատավորները՝ մինչև յոթանասուն տարին լրանալը»։
213 հոդվածը սահմանում է.
«Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը
Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը»։
Սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանն էլ գրել էր.
«Եվ քանի որ չի կարող այնպես լինել, որ յուրաքանչյուր քաղաքացի օրենքը մեկնաբանի այնպես, ինչպես ինքն է իր ընկալմամբ ճիշտ համարում, այլ որ օրենքների պարտադիր մեկնաբանման համար իրավասու են դատարանները, ուստի պետությունը և քաղաքացիները կաշկանդված են օրենքի միայն այն մեկնաբանությամբ, որը տվել են դատարանները։ Դրանով իրավագիտական բանավեճը բացառված չէ։ Դուք ևս՝ իբրև իրավաբան, կարող եք օրենքի մեկնաբանության վերաբերյալ ունենալ Ձեր սեփական կարծիքը։ Պարտադիր և պետական իշխանության միջոցով հարկադրելի է միայն օրենքը՝ դատարանների մեկնաբանությամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա