ԱԺ արտահերթում մի քանի օրինագծեր ընդունվեցին
Ազգային ժողովն այսօր արտահերթ նստաշրջան է հրավիրել, որի օրակարգում են բոլոր այն հարցերը, որոնք հերթական նստաշրջանում անավարտ էին մնացել։
Նիստը սկսվեց նախօրեին քննարկված հարցերը քվեարկության դնելով։
Խորհրդարանը միաձայն ընդունեց «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 90 կողմ, 2 դեմ և 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 71 կողմ, 10 դեմ, 14 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Միաձայն ընդունվեց նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության կոմղից ներկայացված «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության և ընդունվեց միաձայն։