Արարարտում և Արմավիրում ցեցը նվազել է
Արարատի և Արմավիրի մարզերում իրականացվող լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի ծրագրի ընթացքը գնահատելու նպատակով բուսաբուծության և բույսերի պաշտպանության ոլորտի պատասխանատուներ և փորձագետներ այցելել են Արարատի մարզի Ոսկետափ և Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքներ:
Այս պիլոտային ծրագրի նպատակն է Ոսկետափ և Ակնալիճ համայնքներում 10 հեկտար տարածքի վրա ցեցի դեմ պայքարի համալիր (ագրոտեխնիկական, մեխանիկական, կենսաբանական և քիմիական) միջոցառումների իրականացումը և դրանց արդյունավետության գնահատումը:
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ծրագրի շրջանակում վերոնշյալ երկու համայնքի դաշտերում տեղադրվել են ցեցի ֆերոմոնային թակարդներ և անհրաժեշտ օժանդակ նյութեր, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում դիտարկել ցեցի հասուն առանձնյակների առկայությունն ու զարգացման դինամիկան։ Այդ տվյալների հիման վրա ծրագիրն իրականացնող գիտնականները մշակում են վնասատուի դեմ արդյունավետ պայքարի համալիր միջոցառումների ժամանակացույց:
Մշտադիտարկումը ցույց է տվել, որ պիլոտային ծրագրի ընթացքն ու արդյունքները այս փուլում գոհացուցիչ են, իրականացված միջոցառումների շնորհիվ դիտարկվում է ցեցի թռիչքների նվազում և քանակի կրճատում: