«Ոսկե ծիրանի» ֆիլմերն ու ժյուրին
«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը ասուլիսում ներկայացրեց 16-րդ «Ոսկե ծիրանի» միջազգային մրցույթային, տարածաշրջանային կարճամետրաժ մրցույթային, «Տարածաշրջանային համայնապատկեր», «Ծուռ ծիրան» ծրագրերը, հետահայաց ցուցադրությունները:
Նա նշեց, որ այս տարի տեսակային սահմանափակում չեն ունեցել տարբեր ծրագրերում։
«Սահմանափակում չունենալը մեզ համար կարևոր էր, որ հանդիսատեսը տեսակային տարանջատում իր բանականության մեջ չունենա ֆիլմը գնալուց առաջ։ Այսինքն երբ նայում է ծրագիրը, կարող է հանդիպել դոկումենտալ, կիսադոկումենտալ խաղարկային ֆիլմերի և այլն։ Հատկապես հիմա կինոյում այդ սահմանափակումները գնալով ավելի հարաբերական են դառնում»,- ասաց նա։
Կարեն Ավետիսյանը նշեց, որ միջազգային լիամետրաժ մրցույթային ծրագրում հազվադեպ է ընդգրկված լինում հայկական ֆիլմ․ այս տարի կա. «Մեկ տարի առաջ Հայաստանի Ազգային կինոակադեմիայի և «Ոսկե ծիրան» կինոափառատոնի միջև կնքվել էր համաձայնագիր, ըստ որի լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթած լիամետրաժ ֆիլմը, տվյալ դեպքում Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր», մտնում է առանձին միջազգային մրցույթ»։
Միջազգային լիամետրաժ մրցույթը ընդգրկված են Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ և Լիզ» (Մեծ Բրիտանիա), Բուրաք Չևիքի «Կապվածություն» (Թուրքիա/Կանադա/Ֆրանսիա), Յուրիս Կուրսիետիսի «Օլեգ» (Լատվիա/Լիտվիա/Բելգիա/Ֆրանսիա), Շավի Սալայի «Գիեդանիի պորտը» (Մեքսիկա), Դընի Կոտեի «Անհետացած քաղաքների հավաքածու» (Կանադա), Սուհաիբ Գասմելբարիօ «Խոսելով ծառերի մասին» (Ֆրանսիա/ Սուդան/ Չադ/ Գերմանիա/Քաթար), Նինո Ժվանիայի «Շքերթ» Վրաստան, Կանտեմիր Բալագով «Լողլողը» (Ռուսաստան), Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը» (ԱՄՆ/ Մեծ Բրիտանիա/Կանադա/Քաթար), Տեոնա Ստրուգար Միտևսկայի «Աստված գոյություն ունի, անունն էլ՝ Պետրունյա» (Մակեդոնիա/ Բելգիա/ Սլովենիա/ Ֆրանսիա/ Խորվաթիա), Ցզյան Սինի «Ձմեռ ձմռանից հետո» (Չինաստան), Միմի Մալայանի և Արթուր Մուրադյանի «Անպետության դիվանագետը» (ԱՄՆ), Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» (Հայաստան) կինոնկարները:
«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը ներկայացրեց «Երևանյան պրեմիերաներ» ծրագրին, որում ընդգրկված են կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից:
«Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված ֆիլմերից են Նադավ Լապիդի «Հոմանիշներ», Ժու Շենգզեի «Ներկա կատարյալը», Ալեքսեյ Չուպովի և Նատալյա Մերկուլովայի «Բոլորին զարմացրած մարդը», Ֆրանսուա Օզոնի «Աստծու ողորմությամբ», Բոն Ջուն-հոյի «Մակաբույծը» և այլ կինոնկարներ:
Վարվառա Հովհաննիսյանի խոսքով, այս ծրագրի նկատմամբ հանդիսատեսի ուշադրությունը մեծ է։
«ԳԱԻՖՖ պռո» ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը հայտնեց, որ տարածաշրջանային համայնապատկեր ծրագիրը ներառում է 3-ական Թուրքիայից և Իրանից, 2 –ական ֆիլմ Հայաստանից և Վրաստանից, մեկ՝ Ադրբեջանից:
Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում ներառված է 25 ֆիլմ ՝ Հայաստանից, Թուրքիայից, Իրանից, Վրաստանից:
Հետահայաց ցուցահանդրություններ ծրագրի շրջանակում կներկայացվեն փառատոնի հատուկ հյուրեր Կառլոս Ռեյգադասի 4 և Արթուր Արիստակիսյանի 2 ֆիլմ:
Կարեն Ավետիսյանը տեղեկացրեց, որ այս տարի ավելացել է «Ծուռ Ծիրան» ծրագիրը, որը բաղացած է հինգ ֆիլմից, որոնք միաժամանակ և ժանրային են, և խախտում են այդ ժանրերը՝ էքպերիմենտալ են, էքստրեմալ, ռադիկալ։
Միջազգային լիամետրաժ մրցույթային ծրագրի ժյուրին կնախագահի ռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն: Ժյուրիի կազմում ընդգրկված են ռեժիսոր Նիկոլաս Վադիմոֆը (Շվեյցարիա), ռեժիսոր, Թեհրանի միջազգային կինոփառատոնի նախագահ Ռեզա Միրքարիմին (Իրան), պրոդյուսեր, Թրայբեկայի կինոփառատոնի գործադիր տնօրեն Էմի Հոբին (ԱՄՆ), պրոդյուսեր Էլիզաբեթ Կառլսենը (Մեծ Բրիտանիա), կինոքննադատ Պաոլո Բերտոլինը (Իտալիա), դերասանուհի, ռեժիսոր Նինո Կիրտաձեն (Ֆրանսիա):
Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է ռեժիսոր Պիպո Մեցապեսան (Իտալիա): Ժյուրիի կազմում ընգրկված են նաև օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) և Clermont-Ferrand կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը:
Հիշեցնենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը կայանալու է հուլիսի 7-14-ը։
Հարակից հրապարակումներ`
- Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է
- «Ոսկե ծիրանի» երիտասարդ կազմն ամեն ինչ անում է այն իսկապես կինոտոն դարձնելու համար
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ղեկավար կազմում փոփոխություններ են եղել