Կաթնամթերքի արտադրությունն աճել է
Հայաստանում 2019 թվականի հունվար-ապրիլին կաթնամթերքի մի շարք տեսակների արտադրության ծավալներն աճել են:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա չորս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5 616.1 հազար տոննա պանիր, ինչը 2018թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10%-ով։
Նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ 36.4%-ով աճել է թթվասերի արտադրության ծավալը՝ կազմելով 2 հազար 83.2 տոննա, 31%-ով էլ ավելացել է կաթնաշոռի արտադրության ծավալը՝ կազմելով 590.3 տոննա։ Նշենք նաև, որ 2019 թ-ի հունվար-ապրիլին հանրապետությունում արտադրվել է 3 059.9 հազար տոննա մածուն՝ 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 33.5%-ով:
Ըստ վիճակագրության՝ չորս ամիսներին ավելացել է նաև պաղպաղակի արտադրությունը. մասնավորապես, նախորդ տարվա հունվար-ապրիլին հանրապետությունում արտադրվել է 2 769.5 հազար լիտր պաղպաղակ՝ 23.35%-ով ավելի 2018-ի համեմատ:
Նշենք նաև, որ կաթի արտադրության ծավալներն էլ ավելացել են 43.6%-ով. եթե 2018թ-ի հունվար-ապրիլին հանրապետությունում արտադրվել էր 1 մլն 655.3 հազ. լիտր կաթ, ապա 2019թ-ի նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 376.3 լիտր։