Մահացել է Կարինե Աշուղյանը
Երկարատև հիվանդությունից հետո այսօր մահացել է բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Կարինե Աշուղյանը։Նա 1996 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։
«Հայեր» մեդիահարթակում Կարինե Աշուղյանն իր մասին գրել էր.
«Մշեցի հորս շիտակությունը և լոռեցի մորս միամտությունը, երևի, իմ ներսի այն երկու Ձկներն են, որոնց աստղի տակ ծնվել և ապրում եմ, ահա, խաղաղության և պատերազմի, սիրո և խռովքի, ցնորքի և ցասումի իմ բաժին ժամանակը:
Որովհետև նույնիսկ իր խռով ու համր օրերին ու ամիսներին Բանաստեղծությունը շրջանառվում է արյանդ մեջ և հանկարծ ծիկրակելով ժպտում արձակի, հոդվածի ու երկտողի ժլատ տողերից, քո սիրո և ատելության վայրկյաններին, աղոթքի ներսից և նույնիսկ առտնին գործերի ամեն անկյունից:
Սիրում եմ որդուս՝ որպես իմ ամենագերազանց Բան-ա-ստեղծության, զվարթությամբ ապրեցնող ճակատագիրս՝ Amor fati»:
Ծնվել է 1962 թվականի մարտի 20-ին, Արարատի մարզի Տափերական գյուղում։ Ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետը, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ասպիրանտուրան, աշխատել է նույն ինստիտուտում որպես հայ փիլիսոփայության պատմության բաժնի կրտսեր գիտաշխատող:
Խմբագրել է «Արարատ» մարզային թերթը (1998-2008), աշխատել է ՀՀ ՊՆ «Զինվոր» պաշտոնաթերթում և որպես լրագրող՝ տարբեր լրատվամիջոցներում։ Գիտական և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների հեղինակ է։
Խմբագրել է «Գրական տապան» միջազգային գրական փառատոնի ամենամյա մի քանի ժողովածուներ, տարբեր հեղինակների գրքերի գեղարվեստական խմբագիրն է: Նրա ստեղծագործությունները լույս են տեսել գրական պարբերական մամուլում և տարբեր ժողովածուներում, թարգմանվել են ռուսերեն, պարսկերեն և հոլանդերեն, լեհերեն, անգլերեն, թուրքերեն և այլ լեզուներով։
«Հմայիլներ» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Պարույր Սևակի մրցանակի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալով, արժանացել է Պաշտպանության նախարարության և ՀԳՄ համատեղ ամենամյա մրցանակին։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան