Վրացագետ. Իշխանության քայլերից է կախված, թե ինչպես կզարգանան իրադարձությունները
Վրացագետ Ալիկ Էրոյանցը կարծում է, որ Վրաստանում հակառուսական բողոքի ակցիաներին, Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների լարվածության աճին չի հետևի ցամաքային ճանապարհի՝ Լարսի անցակետի փակումը։
«Իհարկե դժվար է կանխատեսումներ անել, սակայն, Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, նման քայլի գնալը կվնասի Հայաստանի տնտեսությանը։ Դա ոչ միայն անցանկալի է, այլև դժվար է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա հնարավոր փակման դեպքում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ալիկ Էրոյանցը։
Թբիլիսիում հակառուսական բողոքի ակցիաներին, կոչերին ի պատասխան Ռուսաստանից դեպի Վրաստան ավիափոխադրումների դադարեցումը, ըստ վրացագետի, ուղերձ է Վրաստանին, որ Ռուսաստանը ևս չի հանդուրժելու և ազդելու է երկու երկրների միջև եղած հարաբերությունների վրա։
«Վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը մեծացել էր, և վերջին տարիներին Վրաստան այցելող ռուս զբոսաշրջիկները բավական մեծ թիվ են կազմել, գուցե այս տարի նրանք լինեին թվով առաջինը»,-նշեց նա՝ ավելացնելով, որ լարված իրավիճակը բացասաբար է ազդելու նաև երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների վրա։
Ռուսաստանի և Վրաստանի հատուկ ներկայացուցիչների՝ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասին և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձե ձևաչափը, ըստ վրացագետի, պետք է պահպանվի, իսկ կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն էլ ավելի վատ ու բարդ հետևանքներից խուփասելու համար։
«Վրաց հասարակության շրջանում բացասական տրամադրվածություն առկա է Մոսկվայի վարած քաղաքականության նկատմամբ։ Խորհրդարանում խոսնակի աթոռին ռուսաստանցի պատվիրակի նստելը և առիթ էր, և պատճառ։ Դժգոհությունն ընդդիմադիր գործիչների կողմից բավականին արդյունավետ օգտագործվեց։ Այս պահին շատ կարևոր է, թե ինչ քայլեր կիրականացնեն իշխանությունները, որպեսզի այս իրավիճակը հանդարտվի»,-ասաց Էրոյանցը։
Հիշեցնենք, որ հրաժարականի մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Ակցիաների ընթացքում տուժել է 240 մարդ, նրանցից 70-ը ոստիկան են, ավելի քան 30-ը ԶԼՄ ներկայացուցիչներ։ Կան ձերբակալվածներ ու կալանավորվածներ։
Վրացագետն ընդգծում է, ինչքան լարվածությունը մեծանա, այնքան հետևանքներն ավելի վատ են լինելու նաև Հայաստանի համար։
«Կարող ենք պատկերացնել ինչպես շատ արագ հանդարտվելու հնարավորություն, այնպես էլ առավել բացասականզարգացումներ։ Ինչպես գիտենք Սահակաշվիլին արտաքին աշխարհի օգնությամբ փորձում է իր ազդեցությունը տարածել, զարգացնել, արմատավորել հակառուսական ու հակաիշխանական տրամադրությունները։ Նորից եմ կրկնում, իշխանության քայլերից է կախված, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,-ասաց փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին դեպի Վրաստան թռիչքներ է իրականացնում ռուսական վեց ավիաընկերություն
- Վրաստանում ձերբակալված հայաստանցին կմնա կալանքի տակ
- Ռուսաստանն ասել է, թե ինչ պայմաններով կվերականգնի ավիափոխադրումը Վրաստանի հետ
- Վրաստանում ԶԼՄ 31 ներկայացուցիչ է տուժել
- ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Վրաստանում տեղի ունեցած անկարգությունները
- Թբիլիսիում տուժածների թվում հայեր չկան
- Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան