Մինսկ-2019․ Սամբիստներ Մաքսիմ Մանուկյանն ու Դավիթ Գրիգորյանը հաղթանակով են մեկնարկել
Մինսկում անցկացվող Եվրոպական երկրորդ խաղերում մեկնարկել է սամբոյի մրցաշարը։
57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մաքսիմ Մանուկյանն առաջին գոտեմարտում 10-1 հաշվով հաղթել է ուկրաինացի Իվան Պիլիպյակին: Կիսաեզրափակչում հայ մարզիկը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Սայան Խերետեկի հետ։
Հաղթանակով է մեկնարկել նաև 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը։ 29-ամյա հայ մարզիկը քառորդ եզրափակչում 3։1 հաշվով առավելության է հասել իտալացի Ալեսիո Միչելի նկատմամբ։ Կիսաեզրափակչում Գրիգորյանի մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչ Բեսարիոնի Բերուլավան։
Հիշեցնենք՝ Եվրոպական խաղերում Հայաստանն ընդհանուր առմամբ ներկայացնում է 6 սամբիստ։
Այսօր մրցագորգ դուրս կգա նաև 48 կգ քաշային Ասյա Լալազարյանը։ Վաղը՝ հունիսի 23-ին, պայքարի մեջ մտնեն նաև Տիգրան Կիրակոսյանը (52կգ), Արսեն Ղազարյանը (74կգ) և Գրիգոր Սահակյանը (90կգ):