ԱԳ նախարար․ Տարածաշրջանում երկարատև խաղաղության բանալին ԼՂ ժողովրդի իրավունքների ճանաչումն է
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը hունիսի 24-25-ին աշխատանքային այցով Ժնևում է՝ մասնակցելու Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանին։
Ժնևում ԱԳ նախարարը ելույթ է ունեցել, որից մի հատված ֆեյսբուքում ներկայացրել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Լեռնային Ղարաբաղը մարդիկ են։ Այն 150 հազար անհատ մարդիկ են՝ արժանապատվությամբ, պատասխանատվությամբ ու իրավունքներով։ Ինչպես ցանկացած այլ ժողովուրդ, նրանք իրավունք ունեն ազատորեն օգտվել իրենց անքակտելի իրավունքներից` բոլորից, ներառյալ ինքնորոշման իրավունքը՝ ազատորեն որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն իրականացնելու իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը: Նրանց կարգավիճակում կյանքի իրավունքը հատկապես վտանգված է, քանի որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էկզիստենցիալ ֆիզիկական անվտանգությունը մնում է ամենամեծ կայուն սպառնալիքը: 1990-ականների սկզբին մարդկային անվտանգության հանդեպ արատավոր հարձակումները, Լեռնային Ղարաբաղի դեմ կրկնվող ագրեսիան 2016 թ. ապրիլին, հայերի սպանությունների համար մարդասպանների շարունակվող փառաբանումը, համակցված կառավարության կողմից հովանավորվող հակահայկական քարոզչությամբ ու քսենոֆոբիայով, ներկայացնում են հակամարտության հիմնական պատճառները»,-ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում։
ԱԳ նախարարը նշել է, որ հակամարտության լուծման ու տարածաշրջանում երկարատև խաղաղության բանալին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդկային անվտանգության և իրավունքների ճանաչումն է: