Արտգործնախարարի մի քանի հարցադրումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Գեղամ Նազարյանն անդրադարձել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարություններին։
Նա գրել է.
«Վաշինգտոնյան հանդիպումներից հետո արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը երկակի տպավորություն է թողնում։ Մի կողմից նկատվում է ոչ թե պատասխանների, այլ հարցերի անհամեմատ ավելի մեծ ծավալ, մյուս կողմից որոշ ձևակերպումներ թողնում են բավական կոնկրետ պատասխանների տպավորություն։ Անդրադառնանք մի քանիսին.
1. Նախարար Զոհրաբ Մնացականյանը, ըստ էության, հաստատում է, որ ընթանում են ղարաբաղյան հարցի շուրջ կոնկրետ բանակցություններ, և դրանք ընթանում են առանց Արցախի մասնակցության։
2. Նախարար Զոհրաբ Մնացականյանը փաստում է, որ Բոլթոնի հետ ունեցել են «ինտենսիվ, ներառական և շատ արդյունավետ բանակցություններ»։ Ռուսաստանի հետ հարաբերություններում նկատվող կամ կազմակերպվող տեսանելի սառնության պայմաններում, Վրաստանում հակառուսական պոռթկման ֆոնին, նման ձևակերպումները, անշուշտ, չեն կարող շարքային համարվել։ Դրանք նվազագույնը լավ հաշվարկված չեն. Մնացականյանը Լավրովի հետ շատ ավելի հաճախ է հանդիպել, սակայն նման ձևակերպումներ, կարծես, չեն եղել։ Ինչ վերաբերում է ներառական բանակցություններին, ապա ամենայն հավանականությամբ, խոսքը գնացել է ներհայաստանյան օրակարգի ձեւավորման շուրջ։ Եվ հարցը՝ «ո՞վ է ձևավորում Հայաստանի ներքին օրակարգը», դարձյալ ուժի մեջ է։ Դժվար է պատկերացնել արդյունավետ հավասարակշռություն, երբ պետությունը գտնվում է այլ՝ մրցակից անվտանգության համակարգում, իսկ զարգացման ներքին օրակարագը, ինտենսիվ, ներառական քննարկումները ընթանում են այլ տեղ։
3. Նախարար Մնացականյանը նոր ձևակերպում է դնում ու մի քանի անգամ շեշտում այն՝ «Արցախը պետք է ունենա սեփականության համապատասխան զգացում»։ Ծագում են կոնկրետ հարցեր՝ արդյո՞ք Երևանից պարտադրվող պաշտոնանկությունները Արցախում նպաստում են այդ զգացումի ուժեղացմանը, թե Երևանում հակաարցախյան տրամադրությունների խրախուսումն է ուժեղացնում դա։ Արցախում հեղափոխություն և հակահեղափոխություն, դավադիրներ խաղացնե՞լն է սեփականության զգացումը մեծացնում։
4. Եվ վերջապես նախարար Մնացականյանը իր խոսքում կարծես թե շատ է մտահոգվում Ադրբեջանի շահերի և մտահոգությունների մասին, ինչը երբեք չի եղել և այսօր էլ փոխադարձ չէ։ Եվ նաև նախարար Մնացականյանը նորահայտ հաճույքով է անընդհատ շեշտում «իմ գործընկեր Մամեդյարովը» ձեւակերպումը, ինչը դարձյալ փոխադարձ սեր չէ։ Կա մտավախություն, որ դրանից հետո ընկեր, իսկ ավելի հետո «եղբայր» կարգավիճակները անտրամաբանական չթվան»։