Աստվածաբանի, մշակութաբանի, երկրաբանի, քիմիկոսի ու ֆիզիկոսի մասնագիտությունները պահանջված չեն
Երևանի պետական համալսարանում այս տարի ընդհանուր 53 կրթական ծրագրերով դիմորդների թիվը կազմել է 3281: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Սարգսյանը: Նրա տեղեկացմամբ, դիմորդների շրջանում պահանջված մասնագիտություններն են՝ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, կառավարում, լրագրություն։ Վերջին տարիներին նույնպես այս մասնագիտություններն են հիմնականում պահանջված եղել։
«Դիմորդների հոգեբանության մեջ նստած է, որ այս մասնագիտութուններով ավելի շուտ գործ կգտնեն, քան, օրինակ, եթե սովորեր միջուկային ռեակտորների ֆիզիկայում։ Ընդ որում, դրա կարիքն այսօր կա»,- ասաց Ա. Սարգսյանը։
Նրա խոսքով, կան մասնագիտություններ, որ նույնիսկ անվճար տեղերի չափով դեռ դիմորդները չեն լրացել՝ միջուկային ռեակտորների ֆիզիկա, երկրաբանություն, աստվածաբանություն: Կան նաև կրթական ծրագրեր, որտեղ դիմորդները շատ չեն՝ քիմիա և սննդի անվտնագություն:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արտաշես Մարտիրոսյանն ասաց, որ համալսարանում 2017/18 թթ. ուսումնական տարվա համեմատ դիմորդների թվի որոշակի նվազում կա։ Մանկավարժական համալսարանում 2019/20 ուսումնական տարվա համար առկա է 1481 տեղ, որից 91-ն անվճար։ Համալսարանում պահանջված մասնագիտություններից է, ինչպես նախորդ տարիներին, հոգեբանություն, տարրական մանկավարժություն և մեթոդկա, նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա, լոգոպեդիա, պարարվեստ, հագուստի մոդելավորում:
«Դիմորդների թվի առումով ունենք մտահոգիչ մասնագիտություններ՝ ֆիզիկա, քիմիա, մշակութաբանություն, շրջակա միջավայրի գիտություններ, գրադարանային տեղեկատվական աղբյուրներ: Այս բաժիններում դիմելիությունը խիստ սակավ է»,-ասաց Արտաշես Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, 41 մասնագիտությունների գծով դիմելիությունը 65 տոկոս է։ Ունեն նաև լրացուցիչ փուլ, վաղվանից սկսվում է ընդունելությունը։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գոռ Վարդանյանը տեղեկացրեց, որ 34 կրթական ծրագրերով իրականացրել են ընդունելություն։ Բուհն ունի 1130 տեղ, անվճար տեղերի քանակն է՝ 259, վճարովի՝ 871։ Առաջին փուլով արդեն ունեն 1029 դիմորդ: Նա ասաց, որ տարեցտարի դիմորդների թիվն աճում է։
«Մեզ մոտ դիմորդների հոսքի 60 տոկոսը բաժին է հասնում տեղեկատվական տեխնոլոգիաներին, ռադիոտեխնիկային, կիբերնետիկային, քանի որ այս ուղղություններով շատ են թափուր տեղերը, գործատուների կողմից ամենաշատն է վարձատրվում: Միևնույն ժամանակ մեծ աճ ենք տեսնում էներգետիկայի, էլեկտրատեխնիկայի, մեքենաշինության, մեքենագիտության, տրանսպորտի, դիզայնի ուղղությամբ: Համեմատաբար ավելի պասիվ է ընդերքի և քիմիական տեխնոլոգիաների ուղղությունը։ Բնական եմ համարում, քանի որ ժամանակի ընթացքում այս ուղղությունները Հայաստանի տնտեսության մեջ իրենց դիրքերը զիջում են նշված այլ ուղղություններին։ Բնական է, որ դիմորդներն ընտրում են այնպիսի մասնագիտություններ, որոնց դեպքում ապագայում աշխատանքի հարցում ավելի մեծ հնարավորություններ ունենան»,-ասաց Գոռ Վարդանյանը:
Նա նշեց, որ մասնագիտական կողմնորոշման հարցում դեռևս ունեն անելիքներ, ավագ դպրոցներում բուհերը պետք է իրենց մասնագիտությունները պատշաճ մակարդակով ներկայացնելու հնարավորություն ունենան։
Հարակից հրապարակումներ`
- Օտար լեզվի միասնական քննությունից 467 դիմորդ անբավարար է ստացել
- Դիմորդներն այսօր քննություն են հանձնում օտար լեզուներից
- «Հայոց լեզվի և հայ գրականության» միասնականից դրական միավորի շեմը չի հաղթահարել 1045 մասնակից