Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
«Վերաքննիչ դատարանը որոշեց դատախազ Պետրոսյանի, տուժող Ավագյանի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները բավարարել»,-դատարանի որոշման եզրափակիչ մասն ընթերցեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա. Դանիելյանը։
Նա շարունակեց. «Միչդատական վարույթի ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերացման փոփոխման կամ պահպանման հարցը քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 18.05. 2019 թ. որոշումը բեկանել։ Մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել։ Մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը»։
Ըստ որոշման, կալանքի սկիզբը հաշվվում է Ռոբերտ Քոչարյանին արգելանքի վերցնելու պահից. «Սույն որոշման կատարումը հանձանարարել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը, որպես անձնական երաշխավորություն մուծած գումարները վերադարձնել դրանք մուծած անձանց։ Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վճռաբեկ դատարանում, այս պահից սկսած 15 օրյա ժամկետում»։
Որոշման ընթերցումից հետո դահլիճում հնչեցին ծափահարություններ։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել Արցախի նախկին ու գործող նախագահների՝ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ։ Նրանցից յուրաքանչյուրը 500 հազար դրամ էր վճարել։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամները չէին մասնակցում դատական նիստին։
Ավելի վաղ նրանք հայտարարել էին. «Հաշվի առնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը թույլ չի տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկայացնել իրենց դիրքորոշումները և, կոպտորեն ոտնահարելով մրցակցային դատավարության սկզբունքը, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, հայտարարում ենք, որ ո՛չ նախագահ Քոչարյանը, ո՛չ Պաշտպանական խմբի անդամները, ի նշան բողոքի, չեն մասնակցելու այսօր կայանալիք նիստին»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի Պաշտպանական խմբի անդամները չեն մասնակցելու այսօրվա դատական նիստին
- Ռոբերտ Քոչարյան. Նույնիսկ Կենտրոնական Աֆրիկայի խուլ գյուղերում սա չլսված ու արտառոց երևույթ է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին