Ստեփան Շաքարյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ժ.18:00-ից): Վերջին հրաժեշտը՝ հունիսի 26-ին, ժ.12:00-14:00՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Ստեփան Շաքարյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին հայտնում են Կոմպոզիտորների միությունից։
Ստեփան Շաքարյանը մահացել է հունիսի 22-ին։
Ստեփան Շաքարյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 23-ին, Բաքվում: 1952 թվականին տեղափոխվել է Երևան: 1954 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1956 թվականին Արամ Խաչատրյանի խորհրդով և հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ, որից հետո՝ Լենինգրադի կոնսերվատորիա։ 1964 թվականին ավարտել է ուսումը և վերադարձել Երևան։
1986-1990 թթ. ՀՀ ռադիոպետկոմի մենակատարների ջազ-անսամբլի հիմնադիր-ղեկավար։ 1992 թվականից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր` 1998 թվականից: 2009 թվականին «Շարմ Հոլդինգ» ընկերությունը թողարկել է Ստեփան Շաքարյանի «Լուսինը սարերի վրա» ձայնասկավառակը, որը ներգրավվել է «Հայկական ջազ 70» ձայնասկավառակների հավաքածուի մեջ։
Ստեփան Շաքարյանն ստեղծել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաներ, որոնք ներգրավված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։ Նրա ստեղծագործությունները կատարում են Հայաստանի պետական ջազային, Հանրային հեռուստա-ռադիոընկերության էստրադային և ջազային նվագախմբերը, մի շարք այլ խմբեր։
Մշակել է հայկական ժողովրդական երգերը, որոնց տվել է ջազային շունչ։ «Բինգյոլից մինչև Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձավ հայկական ջազի ստանդարտ։ Նրա սիմֆոնիաները և կոնցերտները կատարել են հայ և այլազգի բազմաթիվ կատարողներ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան