Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Նաղդալյան
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը՝ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների վերաբերյալ:
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ նա ասել է. «Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը:
Ինչպես նշել էինք դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր: Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը և պահպանելու հրադադարը, և այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին և ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը և առաջարկները:
Ավելին, այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին և խաթարում խաղաղ գործընթացը»
Հարակից հրապարակումներ`
- ԱԳ նախարար․ Տարածաշրջանում երկարատև խաղաղության բանալին ԼՂ ժողովրդի իրավունքների ճանաչումն է
- ԱԳ նախարարները քննարկել են շփման գծում լարվածության հաղթահարմանն առնչվող հարցեր
- Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը մեկնարկել է
- Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում կհանդիպի Մամեդյարովի հետ