Ռոբերտ Քոչարյան. Ինչպես կարելի է արդյունավետ բանակցել` չհասկանալով, թե ինչ ես բանակցում
«ԼՂ խնդրի կարգավորման բանակցություններում բավականին լուրջ վտանգներ եմ տեսնում»,- TV5 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նրա համար անհասկանալի է` ինչպես կարելի է բանակցել առանց այդ բանակցությունների ռազմավարության, առանց սկզբունքների, առանց այն տեսլականի, թե ինչպես ես դու տեսում Ղարաբաղի հարցի կարգավորումը:
«Ինքս այս բանակցություններին մասնակցում եմ 1992 թվականից, առաջին բանակցությունները, որին Ղարաբաղի պատվիրակությունը մասնակցել է, ես եմ ներկայացրել Ղարաբաղը: Դա եղել է Հռոմում, 1992 թվականին, եթե չեմ սխալվում, հունիս ամիսն էր: Ես չեմ հասկանում, ինչպես կարելի է արդյունավետ բանակցել` չհասկանալով, թե դու ինչ ես բանակցում»,-ասաց Արցախի առաջին նախագահը:
Նա առավել մտահոգիչ է համարում մեկ այլ հանգամանք:
«Մենք միշտ ընդգծում ենք Ղարաբաղի անկախությունը, ասում ենք, որ Ղարաբաղն անկախ է, ասում ենք, որ թեկուզ հիմա լիարժեք չի մասնակցում բանակցություններին, նախագահների ֆորմատով, ապա մեկ է` որևէ վերջնական որոշում չի կարող պարտադրվել Ղարաբաղին` առանց ղարաբաղցիների համաձայնության, քանի որ այդ որոշումն իրականացնողն իրենք են լինելու: Երբեք առաջին նախագահը (խմբ. Լևոն Տեր-Պետրոսյանը) չի միջամտել Ղարաբաղի ներքին գործերին, ես Ղարաբաղի ղեկավարն էի, երբեք թույլ չէի տա, որ միջամտեր, ինքն էլ իրեն երբեք թույլ չի տվել միջամտել:
Ես Հայաստանի նախագահ լինելով` երբեք չեմ միջամտել Ղարաբաղի ներքին գործերին Ղուկասյան Արկադիի ժամանակ: Ես վստահ եմ, որ նույնկերպ Սերժ Սարգսյանը երբեք չի միջամտել Ղարաբաղի ներքին գործերին Բակո Սահակյանի ժամանակ: Միջամտությունը միշտ կնշանակեր, որ մենք իջեցնում ենք Ղարաբաղի կարգավիճակը, մենք ցույց ենք տալիս Ղարաբաղի կախվածությունը Հայաստանից»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով, չպետք է որևէ կերպ կասկածի տակ դնել Ղարաբաղի անկախությունն ու ինքնուրույնությունը:
«Այս ընթացքում այդ կարգավիճակը կասկածի տակ է դրվել: Ամեն ինչ անում է այսօրվա իշխանությունը Ղարաբաղի նկատմամբ, ուղղակի ամեն քայլափոխի կասկածի տակ է դնում Ղարաբաղի անկախությունը: Ի՞նչ է նշանակում Հայաստանից պարտադրել Ղարաբաղում մարդկանց ազատել տարբեր պաշտոններից միայն ինչ-որ հայտարարությունների համար: Ի լուր աշխարհի, նաև համանախագահողների Հայաստանի իշխանությունը ցույց է տալիս, որ այդ կարգի ազդեցություն ունի Ղարաբաղի նկատմամբ: Երբեք մեզանից ոչ մեկը չի ցույց չի տվել, չի ունեցել և չի էլ փորձել ունենալ նման կարգի ազդեցություն: Վտանգը նրանում է, որ վաղը մի առաջարկ են տալու և ասելու են` դու ունես այդ ազդեցությունը, գնա և պարտադրի ղարաբաղցիներին, որ սա ընդունեն: Այդպիսով նոր մոտիվացիա են ստեղծում գերտերությունների մոտ Ղարաբաղի հարցը լուծել քեզ վրա ճնշում գործադրելով, սա ուղղակի ողջամիտ քայլեր չեն: Խոսքը ոչ միայն Լևոն Մնացականյանի, այլև Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությունների մասին է»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Նույնիսկ Կենտրոնական Աֆրիկայի խուլ գյուղերում սա չլսված ու արտառոց երևույթ է
- Ռոբերտ Քոչարյան. Գործող վարչապետն անձնական պատասխանատվություն է կրում 2008-ի իրադարձությունների համար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան