Ռուսաստանը վերադառնում է ԵԽԽՎ․ինչպե՞ս քվեարկեց Հայաստանը
Հունիսի 24-ին Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստի առաջին օրը խորհրդարանականները ավելի քան 8 ժամ քննարկեցին ու ընդունեցին բելգիացի պատգամավոր Պետրա Դե Սուտերի զեկույցի հիման վրա բանաձև՝ հաստատելով ԵԽԽՎ անդամների քվեարկելու, խոսելու իրավունքը ԵԽԽՎ-ում ու նրա մարմիններում, որը չպետք է կասեցվի կամ դադարեցվի։
Ընդունված բանաձևի նպատակն էր Ռուսաստանին վերադարձնել ԵԽԽՎ, որի աշխատանքներին նրանք չեն մասնակցում 2014թ․-ից, երբ ԵԽԽՎ-ն Ղրիմի «անեքսիայի» պատճառով զրկեցին նրանց ձայնի, քվեարկության ու մի շարք իրավունքներից։ Ռուսաստանը վերջին 2 տարիներին նաև չէր վճարում իր անդամավճարը, որը կազմում է տարեկան մոտ 30մլն եվրո, ինչը ֆինանսական ճգնաժամ էր առաջացրել կազմակերպությունում։
Բանաձում Վեհաժողովը նշում է, իր կանոնակարգերում այս փոփոխությունը կարևոր է, որպեսզի ապահովվի անդամ երկրների պարտավորություններն ու իրավունքները՝ ներկայացված լինել Եվրոպայի խորհրդի բոլոր կանոնադրական մարմիններում ու հարգվի նրանց մասնակցությունը։
ԵԽԽՎ-ն, նշելով Նախարարների կոմիտեի վերջերս ընդունված որոշման «բացառիկ համատեքստին», նաև որոշել է, իր կանոնակարգից շեղվելով, հրավիրել Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարաններին, որոնք ներկայացված չեն պատվիրակությամբ, իրենց հավատարմագրերը ներկայացնեն 2019թ․-ի հունիսի նստաշրջանում, քանի որ սովորաբար հավատարմագրերը կարող են ներկայացվել միայն ամեն տարվա սկզբին՝ հունվարյան նիստի բացման ժամանակ: Այսինքն, ՌԴ-ն արդեն այսօր, հնարավոր է, կարողանա մասնակցել ԵԽԽՎ նիստերին, ինչպես նաև ԵԽ գլխավոր քարտուղարի ընտրությանը։
Բանաձում նաև ասվում է, որ Վեհաժողովը ողջունում է Նախարարների կոմիտեի աջակցությունը «համատեղ արձագանքման ընթացակարգ» ստեղծելու հարցում, երբ անդամ պետությունը խախտում է իր կանոնադրական պարտավորությունները կամ չի հարգում ԵԽ-ի կողմից հաստատված հիմնական սկզբունքներն ու արժեքները: Առաջարկի համաձայն, նման ընթացակարգը կարող է նախաձեռնել Վեհաժողովը, Նախարարների կոմիտեն կամ գլխավոր քարտուղարը, և բոլոր 3 մարմինները պետք է ներգրավված լինեն քայլ առ քայլ կատարվող ընթացակարգերում, որը, ի վերջո, կհանգեցնի պետության անդամակցության կասեցման:
Նշենք նաև, որ այս ողջ ընթացքում Ռուսաստանը մասնակցում էր ԵԽ Նախարարների կոմիտեի նիստերին։
Անդրադառնալով բանաձևի քվեարկությանը, նշենք, որ այն ընդունվեց 118 կողմ, 62 դեմ և 10 ձեռնպահ ձայներով։
Հետաքրքիր էր ՀՀ պատվիրակության քվեարկությունը՝ Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը դեմ քվեարկեց բանաձևին։ Քվեարկության իրավունք ունեցող մյուս իշխանական պատգամավորը չմասնակցեց քվեարկությանը։ Կողմ են եղել ընդդիմադիր պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանը։
Սա այն դեպքում, երբ գրեթե ողջ Եվրոպան աջակցում էր բանաձևին։ Կողմ են քվեարկել գերմանացիները, ֆրանսիացիները, իսպանացիները, իտալացիները, ադրբեջանցիները, նորվեգացիները, թուրքերը։ Բրիտանացիները բաժանվել էին՝ կողմ, դեմ ու ձեռնպահ քվեարկելով։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ՝ 4 հիմնական և 4 փոխարինող, և քվեարկելու 4 մանդատ։
Զեկույցի քննարկումը, ինչպես արդեն հայտնել էինք, ևս աննախադեպ էր․ ելույթի համար գրանցվել էր 60-ից ավել պատգամավոր։ ՀՀ պատվիրակությունից գրանցվել էր միայն Հովհաննես Իգիթյանը, սակայն իր հերթին նա արդեն դահլիճում չէր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան