Հարկային օրենսգրքի հետ կապված Թունյանն ընդդիմադիրներին կոչ արեց դետալներից վերանալ
Ազգային ժողովն արտահերթ նիտում շարունակում է քննարկել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Աբովյանը մտքերի փոխանակման ժամանակ հայտնեց, որ իրենց խմբակցությունը վերահաստատում է դիրքորոշումը՝ դեմ են քվեարկելու, քանի որ համահարթեցման մասով ոչ մի փոփոխություն չի եղել։
«Մեզ համար համահարթեցման պահը սոցիալական արդարության դրսևորում է և մենք մեր դիրքորոշումը չենք փոխում»,- ասաց պատգամավորը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ ասաց, որ համահարթեցման միջոցով սոցիալական խնդիր չի լուծվում։
«Սոցիալական արդարության հարց կլուծվի, եթե մենք հարկենք հարստությունը, կապիտալը, անշարժ գույքը, չաշխատող գույքը։ Այս նպատակով կառավարությունը շուտով կներկայացնի գույքահարկի ռեֆորմը»,- նշեց նա։
Նույն խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ եզրափակիչ ելույթում դիմելով ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին, որոնք հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու օրենսգրքին, ասաց. «Մենք ասում ենք՝ եկեք մի քայլ առաջ անենք, հետո գլոբալ փոփոխությունների կգանք, դուք ասում եք չէ, քանի որ սա թռիչքային աճ չի ապահովում՝ մենք դեմ ենք։ Պատկերացրեք, որ դեմ եք քվեարկում, իսկ «Իմ քայլի» ձայներն էլ չեն բավարարում, և նախագիծը չի ընդունվում. հետո ի՞նչ էր տեղի ունենալու: Հեռանկարը որ պատկերացրեք, ինձ թվում է պարզ կլինի. եթե վատն է, ինչո՞ւ են գործարարները սպասում սրա ընդունելուն։ Ինձ համար ամենատարօրինակը այն է, որ դուք բոլորդ ինտենսիվ քննարկել եք հարցը և հիմա ասում եք՝ դեմ կքվեարկենք»։
Թունյանը կոչ արեց՝ դետալներից վերանալ ու ավելի գլոբալ նայել:
«Դուք այս օրենսգրքի դրական փոփոխությունների մեջ մեծ մաս ունենք ու դեմ կքվեարկեք: Մենք կասենք՝ միշտ շնորհակալ ենք ձեր աշխատանքի, քննադատությունների համար և առաջիկայում կունենանք իրոք նոր հարկային օրենսգիրք, որը կլինի մտածված, աշխատած ու թռիչքային աճ ապահովող. այսօրվանը մի քանի քայլ առաջ է, դրա համար էլ կոչ եմ անում կողմ քվեարկել»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանն այսօր կքննարկի Հարկային օրենսգրքի մեծ փաթեթը
- Եկամտային հարկի համահարթեցման սկզբունքը վիճարկելի է. հայտարարություն
- Գույքահարկի բարձրացում, հարկային բեռի ավելացում խոցելի խավի համար
- Սկզբունքային որևէ փոփոխություն այս հարկային օրենսգիրքը չի առաջարկում. Թանդիլյան
- Առաջարկվում է սահմանել եկամտահարկի համահարթ դրույքաչափ՝ 23 տոկոս
- Հարկային օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթը լիագումար նիստերի օրակարգ կմտնի հունիսի սկզբին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան