Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատավարությունը կշարունակվի հուլիսի 2-ին։
Հիշեցնենք, որ այսօր դատական նիստին մասնակցում էր նաև Մ. Գրիգորյանը։ Նա դատական նիստերի դահլիճ էր բերվել անվասայլակով։ Նիստի ընթացքում Մ. Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել էր։ Հայտարարվել էր 30 րոպե ընդմիջում։
Ընդմիջումից հետո նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ շտապօգնության բժիշկը տեղեկացրեց է Մ. Գրիգորյանի վատառողջ լինելու և նիստին մասնակցելու անհնարինության մասին։ Նա նշեց, որ դատարանին ներկայացվել է համապատասխան փաստաթուղթ, որ պարբերաբար դեղորայք պետք է ընդունի և ի վիճակի չի լինի մասնակցել։ Մ. Մարտիրոսյանն ասաց, որ հաշվի առնելով այս հանգամանքը, նիստը հետաձգվում է, կկայանա հուլիսի 2-ին։
Մանվել Գրիգորյանն ասաց, որ ոտքերն էլ են ուռել։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ է Մ. Գրիգորյանը բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանցում։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան