Մինաս Մինասյանը Թբիլիսիում ցույցի մասնակից չի եղել
Մինաս Մինասյանը, ում Վրաստանի ոստիկանությունը բերման էր ենթարկել հունիսի 20-ի բախումների ժամանակ, երեկ ազատ է արձակվել: «Ալիքի» հետ զրույցում Մինասյանն ասել, որ ցույցի մասնակից չի եղել: Ընկերներին էր հանդիպել ու քայլում էին դեպի Ռուսթավելի պողոտա: Դա այն պահն էր, երբ արդեն հատուկ միջոցներ էին կիրառվել ու ցուցարարները իջնում էին պողոտայով.
«Գրադարանի մոտից վերև էինք քայլում, տեսանք, որ մեծ մասսա է իջնում ներքև, հետո գազի հոտ զգացինք, իտալական բակ կար, արագ մտանք, ես բակի մուտքի կամարին մոտեցա՝ նայելու թե ինչ է կատարվում, ընկերներս բակում մնացին, ես ավելի մոտ էի փողոցին, բայց փողոց դուրս չեկա: Վայրկյաններ տևացին, չհասկացա՝ ինչ կատարվեց, ոստիկանները եկան, գետնին գցեցին, ուժգին, նրանք ասում են, որ զգուշացում է եղել, բայց չի եղել, ես դատարանում էլ ասացի: Ասում էին, իբր ես զգուշացմանը չեմ ենթարկվել ու ընդդիմացել եմ բերման ենթարկելու ժամանակ, դա սուտ է, ես չեմ էլ հասկացել ինչ կատարվեց: Երբ 7 հոգի հարձակվում է, ընդդիմանալ հնարավոր չէ»,- պատմել է նա:
Մինասն ասել է, որ բերման ենթարկելուց չնայած չի դիմադրել, սակայն ոստիկանները անտեղի ոչ համաչափ ուժ են կիրառել: Նրա վրա հարձակվել է 7 ոստիկան: Մինասյանի խոսքով, ոստիկանությունը զանգելու հնարավորություն չի տվել: Այցելել են դեսպանատան ու Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները:
«Չեն թողել ընտանիքիս հետ կապվեմ, հյուպատոսարանի հետ կապվեմ, ասացին, որ հյուպատոսը տեղյակ է ու գալիս է, բայց նման բան չկար, բերման ենթարկելուց հետո 6 ժամ սպասել եմ, հետո ուղարկեցին մեկուսարան։ Չեն թույլ տվել ընտանիքիս հետ կապվել, ես թարգմանչի միջոցով եմ կապ հաստատել, խնդրել եմ որ զանգի, տեղեկացնի»:
Մինաս Մինասյանն ուսանող է, այս պահին ապրում և սովորում է Վրաստանում:
Հարակից հրապարակումներ`
- Գուրգեն Հովհաննիսյան. Հաղթելու ցանկությունը մեծ էր
- Վրաստանում ձերբակալված հայաստանցին ազատ է արձակվել
- Վրաստանում ՀՀ դեսպանությունը բողոք է ներկայացրել դատարան՝ Մինասյանի կալանքի ժամկետը կրճատելու մասին
- Վրաստանում ձերբակալված հայաստանցին կմնա կալանքի տակ