Մեդեա Աբրահամյան. Յուրի Դավթյանն անսահման նվիրվածությամբ մեծ ծառայություններ է մատուցել հայկական մշակույթին
Այս տարի նշվում է դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի 90-ամյա հոբելյանը։ Մաեստրո Դավթյանը հայ դիրիժորական դպրոցի ականավոր ներկայացուցիչներից է, ով մեծ ավանդ է ունեցել ինչպես հայկական կատարողական արվեստի զարգացման, այնպես էլ դիրիժորների տարբեր սերունդների դաստիարակման գործում։ Հուլիսի 3-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված համերգով։ Panorama.am-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից տեղեկացավ, որ հոբելյանական երեկոն կղեկավարեն Յուրի Դավթյանը և նրա աշակերտները՝ դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հայկ Դավթյանը, Նիկոլայ Պողոսյանը։ Համերգը կանցկացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Շուրջ 20 տարի Յուրի Դավթյանը եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր, իսկ 1966-1968 և 1992-1994 թվականներին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ Մաեստրոն ղեկավարել է ԽՍՀՄ երկրների մի շարք նվագախմբեր՝ ԽՍՀՄ Պետական, Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլ նվագախմբեր։ Դիրիժորը համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում:
Թավջութակահարուհի, ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը նշում է, որ շատ երջանիկ է, որ մաեստրո Դավթյանի սերնդակիցն է և բազմիցս հանդես է եկել նրա ղեկավարությամբ։
«Ես շատ եմ նվագել Յուրի Դավթյանի ղեկավարած նվագախմբի հետ։ Հիանալի մարդ է, մեծ երաժիշտ։ Մենք շատ լավ էինք հասկանում միմյանց բեմում։ Նա տասնամյակներ շարունակ անսահման նվիրվածությամբ մեծ ծառայություններ է մատուցել հայկական մշակույթին, մեր երաժշտությանը։ Դիրիժորական վահանակի մոտ նա երաժշտության գեղեցիկ մեկնաբանություններով գեղարվեստական հագեցումի բազում պահեր է պարգևել ու պարգևում ունկնդիրներին»,- ասում է Մեդեա Աբրահամյանը՝ առանձնացնելով նաև Յուրի Դավթյանի մանկավարժական գործունեությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան