Կամո Արեյանը մայրաքաղաքում նոր միայն հայտնագործում է «թոխմախի տապանաքարեր»
Երևանի ավագանու նիստում որոշում ընդունվեց Հանրապետության փողոց հ. 69 հասցեում տեղադրել ՀՀ վաստակավոր երկրաբան, դոկտոր, պրոֆեսոր Սողոմոն Բալյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։
Հարակից զեկուցող մշակույթի, կրթության, սոցիալական հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանն ասաց, որ այս հարցը քննարկվել է վերջին նիստում, տրվել է դրական եզրակացություն։ Այս հուշատախտակի տեղադրման միջնորդությունը ստացվել է մի քանի անգամ տարբեր տարիներին։
Ավագանու անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանն ասաց, որ ավագանու մի քանի անդամով հետ հանդիպել են Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ հուշատախտակների, արձանների հարցով։
«Հուշատախտակ տեղադրելու քաղաքական որոշումն ավագանաու խնդիրն է, բայց հուշատախտակի գեղարվեստական տեսքը, գեղագիտական լուծումները պետք է նայվեն։ Առաջարկություն կա, որ քննարկվի գեղագիտական խորհրդում, որը կից է քաղաքաշինական խորհրդին»,- նշեց նա։
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասաց, որ չունեն համաքաղաքային կանոն, որով պետք է տեղադրվեն այդ հուշատախտակները, առաջին հարցը, որ բաց է՝ ում կարելի է թույլատրել։
«Շենքներ ունենք, որոնց պատերի վրա այլևս տեղ չկա։ Մայրաքաղաքի պատերին արդեն ոչ թե հուշատախտակներ են, այլ Թոխմախի տապանաքարեր։ Խորհրդային տարիներին տեղադրված մեր դասական մեծերի նվիրված հուշատախտակներն իրենց չափերով, ձևով, կախված վտանգ, վիճակով չեն զիջում Թոխմախի տապանաքարերին։ Ժամանակն է, որպեսզի միասնական մեկ էսքիզային տարբերակ գործի ամբողջ քաղաքում»,- նշեց նա։
Կ. Արեյանի խոսքով, այդ էսքիզային տարբերակը պետք է պարտադիր լինի բոլոր ցանկացողների համար։
Սողոմոն Բալյանը ծնվել է 1917թ. Ալեքսանդրապոլում: 1935թ. ավարտել է Ալեքսանդրապոլի միջնակարգ դպրոցը, 1940թ.՝ Երևանի պետական համալսարանի աշխարհաերկրաբանական ֆակուլտետը և աշխատանքի անցել Երևանի Նորագավթի միջնակարգ դպրոցում՝ որպես տնօրեն: 1941-1945թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1945թ. Սողոմոն Բալյանը գիտական աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ էկոնոմիկայի բնագավառում: 1949թ. տեղափոխվել է երկրաբանության ինստիտուտ, պաշտպանել թեկնածուական, 1967թ.` դոկտորական ատենախոսություն, 1968թ. ստացել պրոֆեսորի կոչում: 1951թ. աշխատել է ԵՊՀ-ում, 1969-1997թթ. եղել է ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի հիմնադիր վարիչը: Սողոմոն Բալյանը հեղինակ է շուրջ 120 գիտական հոդվածների, քարտեզների, մենագրությունների: Նա ուսումնասիրել է Հայկական լեռնաշխարհի և դրան հարող շրջանների կառուցվածքային ու կիրառական գեոմորֆոլոգիայի հիդրոերկրաբանության հարցերը։ Նրա գիտական ուսումնասիրութունները նվիրված են ռեգիոնալ գեոմորֆոլոգիայի հարցերին, լավատակ ջրերի խնդրին, պլեյստոցենյան սառցապատումներին, հնէաշխարհագրությանը, նորագույն տեկտոնիկային, կիրառական գեոմորֆոլոգիային և գեոմորֆոլոգիական քարտեզագրմանը: Նրա հետազոտությունների յուրատեսակ հանրագումարն է «Հայկական լեռնաշխարհի ու հարակից մարզերի կառուցվածքային գեոմորֆոլոգիան» (Երևան, 1969) աշխատությունը: Արժանացել է մի շարք պետական պարգևների և մրցանակների: Սողոմոն Բալյանը մահացել է 2002թ. Երևանում:
Սողոմոն Բալյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Հանրապետության փողոց հ. 69 հասցեում փակցնելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանի, Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանի և ընտանիքի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Աբովյան փողոցում մտադիր են փակցնել Բաբկեն Ներսիսյանի հուշատախտակը
- Երևանում տեղադրվելու են Արշակ Ադամյանի և Էդուարդ Թումանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ
- Երևանում տեղադրվելու են Կարեն Քյանդարյանի, Բելլա Դարբինյանի, Անատոլի Պապյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան