Զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով
Արմավիրի մարզի Բաղրամյան ուսումնական կենտրոնում հայտնաբերվել է 19 ամյա ժամկետային զինծառայողի դի:
Panorama.am-ին Քննչական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն, այսօր՝ հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք:
«Դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,-ասացին կոմիտեից։
Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասը (ինքնասպանության հասցնելը) սահմանում է.
Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: