«Սիրելիներից մի բաժանվեք»
«Սիրելիներից մի բաժանվեք» այդպես է կոչվում Ալեքսանդր Վոլոդինի գործը, որը հուլիսի 4 և 5-ին կցուցադրվի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում` Նորա Գրիգորյանի ռեժիսուրայով: Այս մասին տեղեկացնում է Նորա Գրիգորյանը։
«Սա իմ առաջին աշխատանքն է Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Հրավեր ստացա թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանից ու սիրով ընդունեցի այն: Անչափ շնորհակալ եմ պարոն Ղազանչյանին վստահության համար: Նա ինձ հնարավորություն տվեց ծանոթանալ, աշխատել և սիրել մի նոր հիանալի թատերախումբ` իր տաղանդավոր դերասաններով։ Ի դեպ, պետք է խոստովանեմ, որ վերջին անգամ հայերենով ներկայացում բեմադրել էի ուսանողական տարիներին: Ուստիև ստացվում է, որ սա իմ առաջին հայալեզու բեմադրությունն է»,- ասում է Ն. Գրիգորյանը։
Խոսելով գործի մասին` Ն. Գրիգորյանն ընդգծում է, որ Ա. Վոլոդինի գործը շատ հուզիչ է. «Պիեսի ընտրության հարցը երկար ենք քննարկել պարոն Ղազանչյանի հետ: Այն պետք է համապատասխաներ թատրոնի ձևաչափին: Պետք է լիներ և երաժշտական, և կոմեդիայի տարրերով... Ի վերջո, ընտրությունը կանգ առավ Վոլոդինի այս գործին, որը, կարծում եմ, շատ մարդկային է, հուզիչ … Ու, թեև, այն ավելի շատ խորհրդային շրջանում ապրող ռուս զույգերի կյանքն է նկարագրում, այնուամենայնիվ, այն խնդիրները, որոնք ծագում են նրանց հարաբերությունների մեջ, շատ մոտ են նաև մեր իրականությանը: Ցավոք սրտի, այսօր շատ զույգեր են բաժանվում, երիտասարդները, այսպես ասած, կոտոշավոր են, և ոչ ոք չի ուզում զիջել մեկը մյուսին, ինչի արդյունքում կորցնում են այն, ինչ պետք է երկու ձեռքով պինդ պահել: Խոսքը ամենակարևոր ու թանկ զգացմունքի մասին է` սիրո… Աշխատելով այս գործի վրա, հիշեցի հորս խոսքերը` բոլոր բեմադրություններում կյանքիցս փոքր մասնիկ եմ դնում։ Այստեղ ինքս էլ եմ զուգահեռներ տարել, նմանեցրել, միացրել... Նման իրավիճակներ բոլորիս կյանքում էլ կարող են լինել…»։
Նա հորդորում է, որ նման իրավիճակներում պետք է խելացի լինել. կորցնելու վտանգ կա։
Բեմադրիչը նշում է, որ իրեն շատ հաճելի էր աշխատել պարոնյանցիների հետ:
«Այս ներկայացման մեջ գրեթե ողջ թատրոնի կազմն է զբաղված: Պետք է ասեմ, որ նրանց հետ շատ հետաքրքիր էր աշխատել. բոլորը պրոֆեսիոնալ մարդիկ են: Ներկայացման բեմանկարչությունն իրականացրել է Լուսինե Կարապետյանը, պարերը` Նաիրա Հովհաննիսյանը»,- ասում է բեմադրիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան