Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է ՍԴ դատավոր. Անի Սամսոնյան
«Ռոբերտ Քոչարյանի գործի մասով ընթանում է դատավարական գործընթաց, մենք հետևում ենք դրան, և ինչպես դատարանը որոշում է, այնպես էլ իրադարձությունները զարգանում են։ Մեզ համար այս գործընթացը առաջնային նշանակություն չունի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամին նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Խմբակցության մյուս պատգամավոր Կարեն Սիմոնյանն էլ հավելեց, որ տեղի է ունենում մրցակցային դատավարություն՝ կողմերը իրավունք ունեն բողոքարկել բոլոր որոշումները․ «Հավասար պայմաններում են գտնում և դատախազությունը, և մեղադրյալ կողմը: Սովորական դատավարական գործընթաց է, ու իմ կարծիքով, այլ դատավարություններից որևէ բանով չպետք է տարբերվի: Այսինքն՝ նույն ընթացակարգերը իրավական պետք է պահպանվեն, և ինձ թվում է՝ այդ ամենը, ընդհանուր առմամբ, տեղի է ունենում»։
Լրագրողները պատգամավորներից նաև հետաքրքրվեցին, թե ի վերջո ո՞վ է այսօր Սահամանդրական դատարանի նախագահը, ինչին ի պատասխան Սամսոնյանն ասաց. «Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է ՍԴ դատավոր։ Ցանկացած անհատական մեկնաբանություն սահմանադրական նորմերի վերաբերյալ մեզ համար անընդունելի է։ Պարոն Գրիգորյանը եկավ, օրենսդիրում հայտարարեց, որ այս պահին ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները, բայց, ինչպես տեսնում եք, անցել է մի քանի օր և նա չի ստանձնել այդ լիազորությունները։ Եթե պարոն Գրիգորյանը չդարձավ ՍԴ նախագահ, կարծում եմ՝ նա կունենա լուրջ խնդիրներ»։
Հարակից հրապարակումներ`
- «Ճիշտ չէ, որ ԱԺ-ն մեկնաբանի». Պատգամավորը՝ ՀՀ երկրորդ նախագահի կալանավորման մասին
- Քոչարյանի կալանավորման գործընթացը դիտարկում ենք իրավական հարթության մեջ. Էնֆիաջյան
- Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
- Գոռ Հովհաննիսյան. Վահե Գրիգորյանի արարքները չպիտի անհետևանք մնան
- Հրայր Թովմասյանը Ազգային ժողովի կողմից ընտրված օրինական ՍԴ նախագահ է. Ալվինա Գյուլումյան