ԳՐԵԿՈ․ Կոռուպցիայի ցածր մակարդակի մասին հանրային ընկալումը կարող է մոլորեցնող լինել
Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը (GRECO-ԳՐԵԿՈ) զգուշացնում է, որ որոշ երկրներում կոռուպցիայի ցածր մակարդակի վերաբերյալ հանրային ընկալումը կարող է հանգեցնել կոռուպցիոն գործողությունների դեմ պայքարի միջոցների անհրաժեշտության թերագնահատման: ԳՐԵԿՈ-ն նաև մտահոգություն է հայտնում իր առաջարկությունների կատարման մեջ ընդհանուր դանդաղ առաջընթացի կապակցությամբ և կոչ անում պետություններին՝ դրանք կատարել առանց հապաղելու։
ԳՐԵԿՈ-ն իր ամենամյա զեկույցում դիտարկել է ԵԽ անդամ պետությունների ձեռնարկած գործողությունները 2018 թ.-ին՝ կոռուպցիայի դեմ պայքարում, մասնավորապես, պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում, ինչպես նաև կենտրոնական կառավարություններում և իրավապահ մարմիններում կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն ասել է. «Կոռուպցիան մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության համար կործանարար հետևանքներ է ունենում: Ընդհանուր առմամբ մեր անդամ պետությունները առաջընթաց են արձանագրել կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարելու համար միջոցների ձեռնարկման ուղղությամբ, սակայն շատ ավելին պետք է անել։ Կառավարությունները, խորհրդարանականներն ու մյուս ազգային մարմինները պետք է ցույց տան իրենց ստանձնած պարտավորությունը` կոռուպցիայի դեմ պայքարելու միջոցով, լրարժեքորեն իրականացնելով ԳՐԵԿՈ-ի առաջարկությունները»:
Զեկույցում Հայաստանի վերաբերյալ նշվում է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը գնահատվել է 2014թ․-ին և համապատասխանության առաջին զեկույցը հրապարակվել է 2017թ․-ին։
Ընդհանուր առմամբ, ԳՐԵԿՈ-ն Հայաստանին ներկայացրել է 24 առաջարկ, դառնալով այն երկրներից մեկը, որոնց ամենաշատ առաջարկություններն են ներկայացվել՝ Թուրքիայից, Հունաստանից ու Հյուսիսային Մակեդոնիայից հետո։
2018թ․-ի վերջին, սակայն, այդ առաջարկություններից միայն 7-ն է ամբողջությամբ կատարվել։ 14-ը կատարվել են մասնակի, իսկ 3-ն ընդհանրապես չեն կատարվել։
ԳՐԵԿՈ-ի՝ Հայաստանին ներկայացրած առաջարկություններից 7-ը վերաբերում էին պատգամավորներին, որից միայն մեկն է կատարվել, 5-ը՝ մասնակի, իսկ 1-ն էլ ընդհանրապես չի կատարվել։
Ինչ վերաբերում է դատավորներին, ապա 10 առաջարկություններից 3-ն ամբողջությամբ իրականացվել են, 1-ը չի կատարվել, իսկ 6-ն էլ մասամբ են իրականացվել:
Դատախազների առնչությամբ ԳՐԵԿՈ-ի 7 առաջարկություններից 3-ն իրականացվել են, 1-ը՝ ոչ, իսկ մնացած 3-ը` մասամբ: