Մալթան պատրաստ է օժանդակել ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի դյուրացմանը՝ որոշ նկատառումներով
«ԵՄ արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ ու նրանք քննարկել են վիզաների ազատականացման շուրջ մեկնարկի հարցը, և մենք այդ քննարկումները հաշվի ենք առնում։ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման համար մի շարք գործոններ պետք է հաշվի առնել՝ ռեադմիսիայի համաձայնագիրը, ապաստան հայցողների ծավալը և մի շարք հարցեր, որ պետք է քննարկվեն»,-այսօր այս մասին ասաց Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Երևանում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ Մալթայի դիրքորոշման հարցին։
Աբելան, սակայն, նշեց, որ բացի այս ընթացակարգային գործընթացներից, վիզաների ազատականացման համար կարևոր է նաև ներկայումս ԵՄ-ի ներսում քաղաքական գործընթացները։
«Մեր դիրքորոշումն այն է, որ մենք պատրաստ ենք քաղաքական առանցքով օժանդակել քննարկումների մեկնարկին, իհարկե, ելնելով վերոնշյալ նկատառումներից»,-ասաց Կարմելո Աբելան։