Փաշինյան. 171 տոկոսով ավելացել է լոլիկի արտահանումը
«Տնտեսական արդյունքների առումով ուզում եմ արձանագրել նաև, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ոլորտում նույնպես մենք շոշափելի շարժեր ենք ունեցել»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարեց նիստը վարող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու թվեր հրապարակեց։
Ըստ կառավարության ղեկավարի, մայիս ամսվա ընթացքում բուսական և կենդանական ծագման արտադրանքի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 76.6 տոկոսով, ընդ որում՝ 86.2 տոկոսով աճել է բուսական ծագման արտադրանքի արտահանումը, 60.9 տոկոսով՝ կենդանական ծագման արտադրանքի արտահանումը:
Բուսական ծագման արտադրանքի արտահանման կեսից ավելին եղել է լոլիկի մասով, արտահանումը նախորդ տարվա նկատմամբ աճել է 171 տոկոսով:
«Ընդ որում, ես ուզում եմ արձանագրել, որ առաջին եռամսյակի տվյալներով մենք լոլիկի արտահանման շատ լուրջ անկում ունեինք և այս աճով մենք, ըստ էության, կոմպենսացնում ենք այդ բացը: Ելակի արտահանումը կազմել է 700 հազար ԱՄՆ դոլար, որը 10 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, իսկ վարունգի արտահանումը 5 անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը՝ կազմելով 1.1 մլն ԱՄՆ դոլար: Արտահանվել է 3.2 մլն ԱՄՆ դոլար արժեքով թարմ ձուկ, որը 1.2 մլն ԱՄՆ դոլարով կամ 61 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա արտահանման ծավալը:
Հիմա գյուղատնտեսության ոլորտում հունվար-մայիսն ամփոփելով՝ կարող ենք ասել, որ բուսական և կենդանական ծագման արտադրանքի արտահանման աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 11.8 տոկոս, ընդ որում՝ 12.6 տոկոսով աճել է բուսական ծագման արտադրանքի արտահանումը, 10.2 տոկոսով աճել է կենդանական ծագման արտադրանքի արտահանումը: Ավելի քան հնգապատկվել է վարունգի արտահանումը, 5 ամսվա տվյալներով ելակի արտահանումը կրկնապատկվել է, 35 տոկոսով աճել է թարմ ձկան արտահանումը՝ կազմելով մոտ 12 մլն ԱՄՆ դոլար»,-ասաց Փաշինյանը։