Նախատեսվում է մինչև18 տարեկան քաղաքացիների բուժօգնությունն իրականացնել պետպատվերի շրջանակում
Այսօր կառավարությունը հավանություն տվեց «Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրին։ Այն նախատեսում է 0-18 տարեկան քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ իրականացնել պետպատվերի շրջանակում, ինչպես նաև փոխհատուցել մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը` ընդհանուր առմամբ ծրագրին ուղղելով 1,750.0 մլն դրամ:
Կառավարությունից հիշեցնում են, որ մինչ այժմ այդ իրավունքից օգտվում էին 0-7 տարեկան, հաշմանդամություն ունեցող, առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների, մինչև 18 տարեկան դիսպանսեր հսկողության տակ գտնվող, միածնող, 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային տարիքի և բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաները: Փոփոխության արդյունքում մինչև 18 տարեկան շահառուների քանակն ավելանում է մոտ 200,000 անձով:
Ինչպես նշել է առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, այս փոփոխությունները հնարավոր են դարձել պետբյուջե 62 մլրդ դրամ հավելյալ մուտքերի շնորհիվ:
«Դրա մասին, Դուք՝ պարոն վարչապետ, բազմիցս հայտարարել եք, և որի մի զգալի մասը փաստացի ուղղվելու է սոցիալապես կարևոր ոլորտներից մեկին՝ առողջապահությանը»,-նշել է փոխնախարարը և հավելել, որ այդ նպատակի համար մինչև տարեվերջ նախատեսվում է ծախսել 12 մլրդ դրամ: