Քաղաքական 12:00 27/06/2019 Հայաստան

ՀՀ-ում ԱՄԷ դեսպան․ Հայաստանում ես զգում եմ անվտանգություն ու խաղաղություն, ինչն ամենակարևորն է

Panorama.am-ի բացառիկ հարցազրույցը Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. պարոն Մուհամմադ Ալ Զաաբիի հետ

Panorama - Պարոն դեսպան, շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Մի քանի ամիս է, որ Դուք Հայաստանում ԱՄԷ դեսպանն եք, ինչպիսի՞ն են առաջին տպավորությունները Հայաստանում։

Դեսպան – Առաջին տպավորությունն այն է, որ ես զգացել եմ խաղաղություն ու անվտանգություն այս երկրում։ Հայաստանը մի երկիր է, որն ունի հարուստ մշակույթ, պատմություն և ժառանգություն ստացած քաղաքակրթություն։ Ես ուրախ եմ աշխատել այստեղ։ Հայ ժողովուրդը բարի է, ով իր հարգանքն ու գնահատանքն է տածում զբոսաշրջիկի ու օտարերկրացու նկատմամբ։ Հաճախ նայում են օտարերկրացուն որպես հայի և դա շատ լավ է։ Իհարկե անվտանգություն  եմ զգացել, որտեղ կարող ես երեկոյան ուշ ժամի դուրս գալ և որևէ նեղություն չկա։ Հայ ժողովուրդը հյուրասեր, հյուրընկալ ժողովուրդ է։ 

Panorama – Ինչպե՞ս կգնահատեիք Հայաստան-ԱՄԷ հարաբերությունները։

Դեսպան - ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև երկկողմ հարաբերությունները առանձնահատուկ են և վերջին տարիներին ականատեսն ենք լինում այդ հարաբերությունների զարգացմանը բոլոր ոլորտներում։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցը ԱՄԷ և նրա մասնակցությունը Աբու Դաբիի Կայունության շաբաթին այս տարվա հունվար ամսին հաջողված այց էր, որը մեծ թափ ու նոր լիցք հաղորդեց տարբեր ոլորտներում հարաբերությունների ամրապնդմանը։ Հատկանշական էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այցը ԱՄԷ և Պաշտպանության միջազգային ցուցահանդեսին՝ Այդեքս 2019-ին, նրա մասնակցությունը, ինչպես նաև Հայկական պատվո պահակախմբի տպավորիչ ելույթը։ Մենք ունենք հարաբերությունների զարգացման համատեղ տեսլական՝ համագործակցության նոր հեռանկարներ բացելու ուղղությամբ։

Panorama – Ինչպիսի՞ն են Հայաստան- ԱՄԷ հարաբերությունները տնտեսական ոլորտում։ Ունե՞նք արդյոք կոնկրետ ծրագրեր, որոնք արդեն իրականացվում են, Հայաստանում գործող ընկերություններ։

Դեսպան - ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության բացվելուց հետո տարբեր ոլորտներում, հատկապես տնտեսության մեջ նկատելի է ակտիվացում։ Դրա մասին են խոսում առևտրաշրջանառության ցուցանիշները, եթե նախքան դեսպանության բացվելը՝ 2014թ․-ին, առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև ընդամենը 80 միլիոն դոլար էր,  2017-ին հասել էր 250 միլիոնի, 2018-ին մոտ 180 միլիոնի։ 2015թ․-ին դեսպանության բացման նպատակն էր 2 երկրների միջև հարաբերությունների զարգացումը նաև տնտեսական ոլորտում։

Էմիրությունները Հայաստանում ունի ներդրումներ ավիաընկերությունների ոլորտում՝ Fly Dubai և Al Arabia-ն, մեզ  մոտ է Քարֆուր ընկերությունը և նաև BMW-ն։ Սրանք են ամենախոշոր ու կարևոր ներդրումները, որոնք արվել են Հայաստանում։ Իհարկե, վիճակագրության համաձայն,  մոտ 500 կազմակերպություն ու գյուղատնտեսական հող կա գրանցված էմիրաթցիների անունով, ինչը նշանակում է, որ Էմիրությունները հետաքրքրված է նաև սննդի անվտանգության ոլորտում ներդրումներ անելու գործում։ Այս ոլորտում մենք համագործակցում ենք ՀՀ կառավարության հետ, որպեսզի զարգացնենք գյուղատնտեսության ոլորտը։ Փոխայցեր են լինում նաև մասնավոր ոլորտում, գործարարները մշտապես այցելում են Հայաստան, և, իհարկե, մենք ցանկանում ենք, որ ներդրումները լինեն փոխադարձ՝ 2 բարեկամ երկրների միջև։

Panorama – Արաբական Էմիրությունները նախընտրելի վայր է հայ զբոսաշրջիկների համար, իսկ ինչպիսի՞ ցուցանիշներ ունենք Էմիրություններից դեպի Հայաստան զբոսաշրջիկների հարցում։ 

Դեսպան - 2018թ․ պաշտոնական ցուցանիշների համաձայն մոտ 11,500 էմիրաթցի է այցելել Հայաստան։ Կարծում եմ, որ ամենակարևոր գործոններից է Հայաստանի կայունությունն ու անվտանգությունը։ Էմիրաթցի քաղաքացիներն իրենց անվտանգ են զգում Երևանում։ Մյուս գործոններից է նաև հայ ժողովրդի հյուրընկալությունը, ինչպես նաև այն, որ Հայաստանը մեծ մշակույթ, քաղաքակրթություն և պատմություն ունեցող երկիր է, ինչը նույնպես գրավում է զբոսաշրջիկներին։ Սակայն, կարծում եմ, որ անհրաժեշտ է ակտիվացնել տուրիստական գործակալությունների աշխատանքը, կառաջարկեի ներկայացնել Հայաստանը՝ որպես տուրիստական երկիր սոցիալական մեդիայի միջոցով, ինչպիսին է ինստագրամը և այդպիսով կխրախուսվի զբոսաշրջությունը Հայաստանում։

Էմիրությունների և Հայաստանի միջև ուղիղ ավիաչվերթների առկայությունը և շաբաթական 18 չվերթն, իհարկե, ավելացնում է զբոսաշրջիկների քանակը, հանգեցնում տուրիզմի և հյուրանոցային ոլորտի զարգացմանը, աջակցում է ներդրումներին։ Կարծում եմ, որ հյուրանոցային ոլորտում ներդրումների հնարավորություններ կան, որոնք պետք է ուսումնասիրվեն էմիրաթցի գործարարների կողմից։

Panorama – Պետական, պաշտոնական հարաբերություններից բացի, հանրային-հասարակական ոլորտի հետ կա՞ համագործակցություն՝ մարդկանց միջև շփումները զարգացնելու առումով։

Դեսպան – Այս 4 ամիսների ընթացքում հասցրել եմ այցելել Երևանի, Շիրակի  պետական համալսարաններ, Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ, հատուկ խնամք պահանջող երեխաների կենտրոն,  Թումո կենտրոն։ Ռամադանի ամսվա ընթացքում Կոտայք, Արմավիր, Շիրակ, Տավուշի մարզեր ենք այցելել, որտեղ մարդասիրական օգնություն ենք ցուցաբերել կարիքավոր ընտանիքներին։ Առաջիկա ամիսներին նախագծեր ունենք այս ոլորտում։ Մեր նպատակն է կանգնել այն ընտանիքների կողքին, ովքեր օգնության կարիք ունեն։

Փառք Աստծո, ունենք օգնություն Էմիրությունների ու Հայաստանի կառավարության կողմից, հարաբերությունները շատ լավ են ԱԳՆ-ի, սոցիալական հարցերով նախարարության հետ, շնորհակալություն նախարարներին՝ մշտապես մեզ հետ համագործակցելու համար։ Կան նաև այլ ծրագրեր, որոնց շատ մոտ ապագայում ականատես կլինեք։

Panorama – 2020թ․-ին Էմիրությունները կհյուրընկալեն «Դուբայ Էքսպո»-ն, ի՞նչ է նախատեսվում դրա շրջանակներում։

Դեսպան - Դուբայ Էքսպո 2020-ը միջազգային հսկայածավալ իրադարձություն է, որը կամրապնդի Դուբայի դիրքը՝ որպես համաշխարհային կենտրոն՝ ներգրավելով տնտեսական հնարավորությունները։ Այն  անցկացվելու է «միավորենք մտքերը և կառուցենք ապագա» կարգախոսի ներքո։

Դուբայը Մերձավոր Արևելքում առաջին քաղաքն է, որը հյուրընկալելու է նման ցուցահանդես: Ակնկալվում է, որ վեց ամսվա ընթացքում քաղաքը կունենա մոտ 25 միլիոն այցելու։ Ավելի քան 200 մասնակիցներ, այդ թվում` 190 երկրներ, հաստատել են իրենց մասնակցությունը միջոցառմանը, որտեղ միջազգային հանրությունը կհանդիպի Դուբայի մեկ հովանու ներքո` հանուն նորարարության և մարդկային առաջընթացի։ Նախապատրաստական աշխատանքները ընթանում են բնականոն հունով, հատուկ էքսպոյի համար կառուցվում են նաև մետրոյի նոր կայարաններ դեպի էքսպոյի հրապարակ, և «Ճանապարհ 2020» նախագծի ընդհանուր աշխատանքի 70% -ն ավարտվել է  արդեն։ Նախատեսված է, որ Էքսպո 2020 կայարանը ունենալու է ինքնաթիռի թևերի տեսք՝ այդպիսով խորհրդանշելով նորարարությունը և առաջընթացը:

Panorama. Ի՞նչ նպատակներ ունի այս նախաեռնությունը։

Դեսպան - Նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդել ԱՄԷ-ի կարգավիճակը որպես համաշխարհային մայրաքաղաք՝ հանդուրժողականության համար մի շարք խոշոր նախաձեռնությունների և նախագծերի միջոցով, ներառյալ հետազոտական ներդրումները, հանդուրժողականության վերաբերյալ սոցիալական և մշակութային ուսումնասիրությունները, մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսությունը։ Ներկայացնել օրենսդրություն և  քաղաքականություն՝ ուղղված մշակութային, կրոնական և սոցիալական հանդուրժողականության արժեքների ինստիտուցիոնալացմանը և վերջապես նպաստել հանդուրժողականության տարածմանը լրատվամիջոցների միջոցով։ Նախաձեռնության հիմնական ուղերձը հանդուրժողականության արժեքները տարածելն է ամբողջ աշխարհում:

Panorama- Խոսեցիք հանդուրժողականության մասին, 2019թ․-ը Էմիրություններում հռչակվել է «Հանդուրժողականության տարի», կարող ե՞ք մի փոքր մանրամասնել մի ամբողջ տարի անցկացվող միջոցառումների շրջանակը։

Դեսպան – Հիմնական նպատակն է, որ ամբողջ աշխարհում տարածենք սեր, խաղաղություն, հանդուրժողականություն  տարբեր կրոնների միջև։ Էմիրություններում բնակվում է 200 ազգություն, յուրաքանչյուրը մի լեզվով ու բարբառով է խոսում,  բայց մեր միջև կա հանդուրժողականություն, չկան տարբերություններ ու մեզանից պահանջվում է, որ հանդուրժողականության օրինակը տարածենք ամբողջ աշխարհում։ Հանդուրժողականությունն ու խաղաղությունը մեր արտաքին քաղաքականության մի մասն է կազմում։

Եվ ոչ միայն հանդուրժողականություն կրոնների միջև, այլ ամեն ինչում,  առօրեայում, եթե ինչ-որ մեկը սխալ է գործել քո նկատմամբ, պետք է ասենք, որ Աստված ների իրեն։ Մեր երեխաներին սովորեցնում ենք հանդուրժողականություն և նրանք մեծանում են այդ մտածելակերպով։ Նույնիսկ  մեր դպրոցական դասագրքերում պետք է ներդնենք առարկաներ, որոնք սովորեցնեն հանդուրժողականություն ու երեխաներին մեծացնենք այսպես։ Կարելի է անգամ համալսարաններում ծրագրերով ուսուցանել հանդուրժողականություն։ Սա է ամենակարևոր  հիմքը հասարակության զարգացման համար։
Էմիրություններում ամեն տարի մի կարգախոս կա, այս տարին շարունակությունն է նախորդ տարվա, որը հռչակվել էր «Զայեդի տարի»՝  մեր հիմնադիր  նախագահի անունով։ Շեյխ Զայեդը մի շարք ծրագրեր է իրականացրել ամբողջ աշխարհում և հանդուրժողականության կարգախոսը եկել է շարունակելու Զայեդի տարվան։

Panorama- Խոսելով ԱՄԷ-ի մասին, չեմ կարող չանդրադառնալ երջանկության նախարարությանը, որը ֆենոմեն է աշխարհում։ Ինչպե՞ս է առաջացել երջանկության նախարարություն ունենալու գաղափարը, ինչպիսի՞ն է նրա գործառույթները։ 

Դեսպան – Նախարարը Օհուդ ալ Ռումին է։ Ես 10 տարի աշխատել եմ Լատինական Ամերիկայում՝ 5 տարի Արգենտինայում, 5 տարի Կոլումբիայում։ Նախարար Հուդար Ռումին այցելել էր Կոլումբիա, որտեղ շատ հաջող հանդիպումներ ունեցավ ու մենք մեծ աշխատանք կատարեցինք։ Կոլումբիան, երևի, այս ոլորտում մեզանից առաջ էր անցել։ 

Երջանկությունը շատ կարևոր է, բայց այն կապված չէ նյութականի հետ։ Երջանկությունը սկսվում է երեխայի դաստիարակությամբ, նրա կրթությամբ, առողջությամբ, երկրի պատմությամբ, մշակույթով՝ վերջացրած գյուղատնտեսությամբ, այն ջրով, որը խմում ես։ Սրանք են երջանկության բաղկացուցիչները, այլ ոչ թե գումարն ու հարստությունը։

Մոտ 2 ամիս առաջ Էմիրություններում նոր նախարարություն է բացվել, որը կոչվում է «չկա անհնարին բան»։ Նրա նպատակն է ցանկացած հարց լուծել ու չասել այս բանն անհնար է անել։ Նախարարության վրա դրվում է ժամկետ՝ խնդիրը լուծելու համար։ Ցանկացած բան հնարավոր է իրականացնել։
2018թ․ հոկտեմբերին պարոն Օմար բին Սուլտան Ալ Ուլաման նշանակվել է արհեստական բանականության նախարար և այդպիսով ԱՄԷ-ն դարձել է աշխարհում առաջին պետությունը, որտեղ կա հատուկ արհեստական բանականության նախարար։ ԱՄԷ-ն հույս ունի, որ առաջատար դերակատարություն կունենա արհեստական բանականության հետազոտություններում և կզարգացնի նորարարությունը։

Նախարարները շատ երիտասարդ են, նոր սերնդից։ Ունենք նաև հանդուրժողականության նախարար։ Մեր երիտասարդության նախարարը կին է ու 22 տարեկան։ 

Մեզ համար կարևոր են ներդրումները, արտահանումը, քանի որ գիտակցում ենք, որ մի օր նավթը վերջանալու է և պետք է դրան փոխարինող գնել։ Մենք ունենք ազատ շուկայական գոտիներ և ազատ նավահանգիստներ, զբոսաշրջություն։

Panorama – Խոսեցիք արհեստական բանականության մասին, ինչպե՞ս եք պատկերացնում դրա զարգացումը, ապագան։

Դեսպան – Սա է մեր ապագան և ապագայի տեսլականն այն չէ, որ այն կգրավի մարդու տեղը։ Հայաստանը հայտնի է իր մտքով, խելքով և արհեստական բանականությամբ։ Ես այցելել եմ Թումո կենտրոն և տեսա այնտեղ գնացողների թիվը։ Դրանք այն երեխաներն են, որ առանձնանում են իրենց խելքով ու մտքով։ Այս կենտրոնը մեծ դեր ու անուն ունի ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում։ Ամեն մարդ հպարտանում է այս կենտրոնով, երբ այցելում է։ Երեխաները խելացի են, սկսում են ուսումնասիրություններ կատարել և նրանք ապագայի տեսլականն են կերտում։ Վերջերս Հայաստանում անցկացվեց նաև Մտքերի գագաթնաժողովը, որը շատ կարևոր է։

Panorama – Թումոն, կարծեք թե, դարձել է Հայաստանի McDonald's-ը, որը մենք փորձում ենք ներկայացնել աշխարհին։ Արդյո՞ք հետաքրքրված եք ԱՄԷ-ում Թումո կենտրոն բացելու գաղափարով։  

Դեսպան- Էմիրությունների պետնախարարը Հայաստան վերջին այցի ժամանակ այցելեց Թումո և այնտեղ բանակցություններ ընթացան Թումո կենտրոնի հետ՝ նախ փոխայցելություններ կատարելու։ Եվ ինչու ոչ։ Մենք կցանկանանք, որ մեզ մոտ էլ լինի Թումո կենտրոն։ Եթե արդյունքի հասնենք, առաջինը դուք կիմանաք այդ նորությունը։

Panorama – Գալիք հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը։ Արդյո՞ք կան ԱՄԷ-ից ընկերություններ, որոնք հետաքրքրված են, դիմել են մասնակցության համար և որ ոլորտներն են ներկայացնում, եթե ունեք տեղեկություններ։

Դեսպան- Շատ ուրախ կլինենք, որ մեր կազմակերպությունները մասնակցեն այս կոնֆերանսին։ Այս միջոցառման կազմակերպումը ցույց է տալիս Հայաստանի ուշադրությունը այս ոլորտին, ոլորտի կրթությանն ու զարգացմանը։ Կոնֆերանսին տարբեր երկրների մասնակցությունը նոր լիցք կհաղորդի երկրի զարգացմանը, տեխնոլոգիաների զարգացմանը, կլինի տեսլական ապագայի համար։ Այն կլինի ամբողջական, հավաքական մի աշխատանք։ Մենք քաջալերում ենք նմանատիպ նախաձեռնությունները։

Panorama. Էմիրությունների մասին հարցազրույցն ամբողջական չէր լինի, եթե չանդրադառնանք աշխարհում ամենաբարձր կառույցին՝ Բուրջ Խալիֆային, ու մյուս ճարտարապետական կառույցներին։ Ինչպե՞ս հաջողվեց երկրի պատմության կարճ ընթացքում ունենալ, ինչպես հաճախ ասում են, հրաշք՝ անապատում։

Դեսպան- Այս ամենի արդյունքը եղել է Էմիրությունների շեյխերի, կառավարիչների աշխատանքը՝ ԱՄԷ նախագահ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի գլխավորությամբ։ Բուրջ Խալիֆան համարվում է Էմիրությունների խորհրդանիշը։ Կրթված մարդը պետք է ունենա ապագայի նկատմամբ ձգտումներ, որոնց շնորհիվ է, որ Էմիրությունները 45 տարվա ընթացքում արձանագրեց այս հաջողությունները, քաղաքական, սոցիալական կայունություն։ Էմիրությունների կառավարիչների տեսլականն է՝ ստեղծել երկիր հաջորդ սերունդների համար։ Մենք պատրաստում ենք կյանքը ապագայի համար։
Բուրջ Խալիֆան Էմիրություններում հայտնի կառույցներից մեկն է։ Ունենք Մասդառ քաղաքը, որը գտնվում է Աբու Դաբիի օդանավակայանի մոտակայքում։ Նախատեսվում է, որ քաղաքի կենտրոնը առանձնանալու է հսկայական շարժական հովանոցներով։ Եվ նշվում է, որ այս գաղափարը ոգեշնչել է արևածաղիկը։ Մասդար քաղաքը աշխարհի առաջին քաղաքն է, որտեղ չկան ածխածին և թափոններ, և այն առաջին քաղաքն է, որն ամբողջությամբ աշխատում է արևային էներգիայով։ Այս քաղաքի գաղափարը եկել է «Կյանքը մեկ մոլորակի վրա» նախաձեռնության շրջանակներում։ Նախաձեռնությունը առաջարկում է առողջ և երջանիկ աշխարհում երջանիկ և առողջ կյանքի գաղափարը:

Panorama – Պարոն դեսպան Ձեր աշխատանքում կարևորում եք լրատվամիջոցների դերը։ Ինչպես ե՞ք պատրաստվում այն կազմակերպել Հայաստանում։

Դեսպան – Ձեր լրատվամիջոցները առանձնահատուկ են, կան լավ կադրեր, կրթված են, ինչը շատ կարևոր է։ Չեք փնտրում խնդիրներ այլ երկրների հետ։ Իհարկե, կան դեղին էջեր, իրենց նպատակն է ոչնչացնել, ատելություն քարոզել, բայց պետք է գրել պարզ, ճիշտ, ինչ տեսնում ես, այլ ոչ թե փոխանցես վտանգավոր նորություններ։ Գրիչը պետք է ճիշտ գրի, և ոչ թե միայն քննադատի։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ձեր լրատվամիջոցին՝ շատ հարցերում մեր կողքին լինելու համար։

Panorama – Հասցրել ե՞ք Հայաստանում գտնել սիրելի վայր՝ ազատ ժամանակի համար։

Դեսպան – Շատ ժամանակ չեմ ունեցել, ընդամենը 4 ամիս։ Սևան եմ այցելել, շատ լավ լիճ է, լավ ժամանակ ենք անցկացրել այնտեղ։ Երևանը հին քաղաք է, ես սիրում եմ հին քաղաքներ, որովհետև արտացոլում է երկրի քաղաքակրթությունը, մշակույթն ու արժեքները։ Մշակույթը շատ կարևոր է, նույնիսկ շենքերի տեսքից։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ այստեղ ինձ անվտանգ ու ապահով եմ զգում։

Panorama – Հավանել ե՞ք մեր ուտեստները։

Դեսպան – Իհարկե, հայկական խոհանոցը նման է արևելյան երկրների՝ Սիրիայի, Լիբանանի խոհանոցին։ Այստեղ ամենաշատը սիրել եմ հայկական, ավանդական բողչա ուտեստը։ Շատ համեղ է։ Սիրում եմ ապուրները, բայց նմանություններ կան հայկական, արաբական ուտեստների միջև։

Panorama – Պարոն դեսպան, շնորհակալություն հարցազրույցի համար։

Հարցազրույցը՝ Աննա Մկրտչյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:58
Ժաննա Անդրեասյան. Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը
«Տարին շատ բարդ էր, քանի որ չափորոշչի ներդրումն իրականացվել է դպրոցների 12 դասարաններից 7-ում։ Շատ կարևոր է, որ լինենք դպրոցների կողքին և...
Աղբյուր` Panorama.am
15:44
Հայաստանի նախագահության ժամանակ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր. Փաշինյան
«Ավարտվում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետը»,- Սանկտ Պետերբուրգում...
Աղբյուր` Panorama.am
15:33
ՊԵԿ. Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի...
Աղբյուր` Panorama.am
15:04
Պուտին. Նիկոլ Վովայիչը պետք է որ կապի մեջ լինի
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԵԱՏՄ գագաթաժողովը։ Արարաողակարգային լուսանկարահանմանը Հայաստանից մասնակցում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։...
Աղբյուր` Panorama.am
14:41
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերում. ՆԳՆ-ն մանրամասներ է հրապարակում
Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
14:17
Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում
Դեկտեմբերի 31-ին, ժամը 19:00-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ մեր հայրենիքի համար կյանքը նվիրած...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով
Կորոնավիրուսով վարակված Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ-ի այսօրվա գագաթնաժողովին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
14:03
Ողբերգական վթար Աշտարակի խճուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի...
Աղբյուր` Panorama.am
13:55
Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը Հայաստանն ունի 11 մասնակից
Դեկտեմբերի 26-31-ը Նյու Յորքում կանցկացվեն 2024 թվականի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները:  Տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
13:51
«Զանգեզուր»-ում Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում է
Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել,...
Աղբյուր` Panorama.am
13:05
Եթե Հայաստանը նմանատիպ հակընդդեմ առաջարկով հանդես գա, սա տանելու է փակուղի, Ադրբեջանը ստիպված կլինի մերժել.Բեգլարյան
«Հերթական խայծն է կամ այնպիսի քաղաքական պահանջ է, որը  հետագայում կարող է դառնալ բանակցությունների առարկա և լրացուցիչ քաղաքական լծակ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Էրդողանի գիրք նվիրելը մոտավորապես նույնն էր, եթե բռնաբարողը զոհին «Կամասուտրայի» մի օրինակ նվիրեր. Մամիջանյան
«Ցավոք սրտի, ինչ Փաշինյանը իշխանության է, մեր տարեկան ամփոփումները բացառապես վատ, չարագույժ նորությունների մասին են»,-հրավիրված...
Աղբյուր` Panorama.am
12:45
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի...
Աղբյուր` Panorama.am
12:42
Օրեր առաջ պաշտոնից ազատված Գևորգյանի գործով կան նաև այլ մեղադրյալներ
Երեկ ձերբակալված Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը։ Գործը քննվում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում 1987 թվականից ի վեր դրվագներ են մեղսագրվում. իրավական փորձագետ
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում 1987 թվականից ի վեր դրվագներ են մեղսագրվում»,- «Մեդիա կենտրոնում»...
Աղբյուր` Panorama.am
12:14
Փաշինյանը նախատեսում է տեսակապով միանալ ԵԱՏՄ գագաթաժողովին
Նիկոլ Փաշինյանը, որի մոտ կորոնավիրուս  է հայտնաբերվել, նախատեսում է Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք  ԵԱՏՄ գագաթաժողովին մասնակցել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Փաշինյանը ճիշտ չէ՝ անհատ տաքսի վարորդները մնացել են ստվերում, ՀՀ-ից ՊԵԿ-ում ընդամենը 103-ն են հաշվառվել
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ի կառավարության նիստում աչքալուսանք տվեց, թե ՊԵԿ-ից իրեն զեկուցել են, որ օրենսդրական նորմը սեպտեմբեր ամսին ուժի մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:42
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
«Բաքվի բանտերում գտնվող 16 հայ ռազմագերիներ դեռևս չեն դատապարտվել, քրեական գործերն ընթացքում են»,- «Մեդիա կենտրոնում»...
Աղբյուր` Panorama.am
11:38
Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է պատմել
«Լսել են համաշխարհային գերտերությունների հեռախոսները, կարդացել են էլեկտրոնային փոստի գրագրությունները, սոցանցերը»,-այսպես արձագանքեց...
Աղբյուր` Panorama.am
11:05
Աննա Սեդոկովան նախկին ամուսնու մաhիg հետո խոսել է առաջին անգամ
Երգչուհի Աննա Սեդոկովան հոսպիտալացումից հետո առաջին անգամ խոսել է իր նախկին ամուսնու՝ բասկետբոլիստ Յանիս Տիմայի հուղարկավորության և իր վիճակի...
Աղբյուր` Panorama.am
10:42
Տոնական օրերին պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը. մասնագետների խորհուրդները
Տոնական օրերը շատ հաճելի են, սակայն հատկապես այդ օրերին կարևոր է ուշադրություն դարձնել երեխաների սննդակարգի։ Մասնագետները խորհուրդ են տալիս այս...
Աղբյուր` Panorama.am
10:34
Այդ պահանջի կատարումը քաղաքական ինքնասպանություն կլինի Նիկոլ Փաշինյանի համար. Սուրենյանց
«Անցած օրերի քննարկումների համատեքստում դարձյալ Առաջին նախագահը ամենահստակ գնահատականը հնչեցրեց ու նաև հասկանալի, տրամաբանական պահանջ՝...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին. Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Համոզված լինելով, որ գործող վարչապետի և նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:02
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ  Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
09:59
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
Համերգներից շատերի տոմսերը վաղուց սպառվել են
Աղբյուր` Panorama.am
09:56
Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե
Մայրաքաղաքի պարեկները դեկտեմբերի 18-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Արցախի պողոտայում կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մեքենա: Ստուգման...
Աղբյուր` Panorama.am
09:46
Իրանում առաջին անգամ քաղաքացիական ինքնաթիռը թռիչք է կատարել առանց նրանում գեթ մեկ տղամարդու
Իրան Բանու չվերթը, որի անձնակազմը և ուղևորները միայն կանայք են, բարեհաջող վայրէջք է կատարել Մաշհադի Շահիդ Հաշեմինեջադի միջազգային...
Աղբյուր` Panorama.am
09:41
Դատարանը վերադարձրել է Տիգրան Ավինյանի հայցադիմումը՝ ընդդեմ «Սիվիլնեթ»-ի. Հետք
Դատարանը հիմնավոր չի համարել, որ Տիգրան Ավինյանն ի վիճակի չէ պետական տուրք վճարել
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն...
Աղբյուր` Panorama.am
09:25
Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» երկրպագուներին շնորհավորել է հայերենով
Միլանի «Ինտերը» իր սոցցանցերում տեսանյութ է տեղադրել՝ շնորհավորելով  երկրպագուներին Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}