Նոր նամականիշ՝ նվիրված «Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակը» թեմային
Այսօր Երևանի պետական համալսարանում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակը» թեմային:
«Հայփոստ» ՓԲԸ-ից հայտնում են, որ 220 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի դասախոս Լևոն Լաճիկյանը:
Նամականիշի վրա պատկերված են Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքը և նրա առջևում գտնվող «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» արձանախումբը: Նամականիշն ամբողջությամբ պատրաստված է գրաֆիկական եղանակով: Նամականիշի ստորին աջ անկյունում տեղադրված է Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տարբերանշանը:
Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Երևանի համալսարանը հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետության նախարարների խորհրդի 1919 թ.-ի մայիսի 16-ի որոշմամբ: Համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1920 թ.-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1920 թվականին այն տեղափոխվել է Երևան: Մինչ այժմ Երևանի պետական համալսարանն ունեցել է շուրջ 130 հազար շրջանավարտ, ներկայումս նրա 19 ֆակուլտետում, 4 ինստիտուտում և Իջևանի մասնաճյուղում ուսանում է ավելի քան 16.200 սովորող:
Թողարկման օրը` 27 հունիսի 2019 թ.
Նկարը և դիզայնը՝ Լևոն Լաճիկյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 30 000 հ.
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին