Զաքիր Հասանով. Մենք տարիներ շարունակ զիջումներ ենք անում ու բանակցում
Ադրբեջանական կողմն արդեն տարիներ շարունակ զիջումների է գնում ու Հայաստանի հետ վարում է հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցություններ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
«Ասում եք խաղաղ կարգավորում, լուծում բանակցություննե՞րի միջոցով։ Խնդրեմ։ Մենք երկար տարիներ զիջումների ենք գնում ու բանակցություններ ենք վարում։ Մենք 2016-ին ցույց տվեցինք, որ հարցը կարող ենք լուծել այլ ճանապարհով»,-ասել է նա։
Հասանովը խոսել է նաև Վաշինգտոնում ԱԳ նախարարների հանդիպման մասին, նշել է՝ Մանացականյանն ու Մամեդյարովը պայմանավորվել են շփման գծում հրադադարի խախտումների նվազեցման մասին։
«Հայկական կողմը միշտ հարց է բարձրացնում, որ արդյունավետ բանակցությունների համար պետք է ստեղծել վստահություն, ինչպես նաև առաջնագծում կրակոցները նվազագույնի հասցնել։ Կողմերը քննարկել են այդ հարցերը, և այսպես ասենք, կրակոցները նվազել են։ Եթե հարցը վստահության ստեղծումն է, ապա խնդրեմ, մենք գնացել ենք դրան, հարցի լուծման համար»,-նշել է նա։