Մալթայի ԱԳ նախարար․ Մենք սատարում ենք Հայաստանին ԵՄ հետ սերտ համագործակցության հավակնություններում
«Սա կարելի է համարել Մալթայի պատվիրակության առաջին բարձր մակարդակի այցելությունը Հայաստան։ Սա ինչ-որ առումով պատմական այց է»,-այսօր այս մասին ասաց Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Երևանում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, նշելով, որ Հայաստանում էին նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որի ժամանակ Մալթան դիտորդի կարգավիճակ ստացավ։
Կարմելո Աբելան նշեց, որ ՀՀ-Մալթա հարաբերությունները գնալով ուժ և թափ են հավաքում, ամեն անգամ նոր արդյունքներ են գրանցվում, համաձայնագրեր են ստորագրվում։ Հուշագիր է ստորագրվել նաև մշակութային ոլորտում համագործակցության համար։
«Մեր նպատակն է խթանել երկկողմանի հարաբերությունները շոշափելի կերպով։ Սա ոչ միայն քաղաքական, ԵՄ-ի հետ հարաբերությունների քննարկումներին է վերաբերվում։ Մենք ակտիվորեն սատարում ենք Հայաստանին իր հավակնություններում՝ մի շարք ուղղություններով ավելի սերտորեն համագործակցել ԵՄ-ի հետ։ Այն փաստը, որ մենք վավերացրել ենք ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նախորդ տարվա սեպտեմբերին, շոշափելի ապացույց է մեր օժանդակության»,-ասաց Աբելան։
Աբելան նշեց, որ երկկողմ առևտրաշրջանառությունը տպավորիչ չէ և այս առումով պետք է աշխատանք տանեն։ ԱԳ նախարարն ասաց, որ հնարավոր է արդեն հաջորդ տարի ուղիղ չվերթ լինի Հայաստանի ու Մալթայի միջև։