Նախատեսվող փոփոխություններով քաղաքացիները կադաստրի կոմիտե կայցելեն միայն գույքի գրանցման և օտարման համար
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթը այսօր քննարկվում էր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։
Հիմնական զեկուցող Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտնեց, որ ներկայացված փաթեթում երեք հիմնական փոփոխություն է առաջարկվում։
«Առաջին և ամենակարևորը, որի պատճառով հրատապությունը ֆիքսել է, օրենքի փոփոխության արդյունքնում անշարժ գույքի պետական ռեգիստրի աշխատանքներում այսուհետև վերանում է կնիքի պահանջը: Այսինքն՝ բոլոր այն փաստաթղթերը, որոնք տրամադրում է Անշարժ գույքի պետական ռեգիստրը, դրանք են՝ սեփականության վկայականները, միասնական տեղեկանքները և այլ տեղեկատվության տեսակները, դրանց իսկությունը հաստատվելու է ոչ թե կնիքով, այլ առցանց տարբերակով: Այսինքն՝ յուրաքանչյուր փաստաթուղթ գեներացնելու է կոդ, այդ կոդով քաղաքացին և ցանկացած անձ կարող է մեր կայքի էլեկտրոնային բլոկում՝ e-cadastre-ում ճշտել դրա իսկությունը և օգտագործել»,- ներկայացրեց Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ կադաստրի կոմիտե բոլոր երկու այցերը փոխարինվելու են մեկով, և եթե անշարժ գույքի գրանցման խնդիր չի առաջանում, այլ տեղեկատվության հարցում է, ընդհանրապես անհարժեշտություն չկա այցելել կոմիտե: Ստացվում է՝ առանց այցելության կարող են ստանալ բոլոր ծառայությունները, բացառությամբ գույքի գրանցման և օտարման դեպքերի։
«Երկրորդ փոփոխությունը հետևյալն է՝ այն անձինք, ովքեր ունեն հին նմուշի վկայականներ, այսինքն՝ բացովի և բազմաէջ վկայականներ, նրանց չէր տրամադրվում նոր տիպի վկայական: Հիմա արդեն բոլորին տրվելու է նոր առցանց վկայական, և կամաց-կամաց հանվելու են հին նմուշի վկայականները։ Իսկ երրորդ փոփոխությունը՝ մարմնի անվանումից հանվում է «անշարժ գույք» բառը և փոփոխության ընդունվելուց հետո կոչվելու է Կադաստրի կոմիտե»,- նշեց կոմիտեի ղեկավարը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան