Սուրիկ Խաչատրյանի Երևանի առանձնատունը երկու օր առաջ է գրանցվել. Սարհատ Պետրոսյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ արտահերթ նիստին Անշարժ գույքի պետական կադաստրի ղեկավար Սարհատ Պետրոսյանից հետաքրքրվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Երևանում կառուցած առանձնատնից։
«Հսկայական տուն է կառուցել Երևանի ուղղակի հայացքի ներքո՝ առանց այդ իրավունքի, ի՞նչ է արվելու այդ դեպքում»,- հարցրեց նա։
Ի պատասխան Պետրոսյանն ասաց. «Կադաստրի կոմիտեն պարտավոր է համայնքին տալ տեղեկատվություն։ Իմ ողջ պաշտոնավորման ընթացքում, որ չեմ դիմացել գայթակղությանը և արտահայտվել եմ նախկին պաշտոնյաների ունեցվածքի մասին, դա հենց Ձեր նշած գույքի մասին է։ Այդ գույքը գրանցվել է երկու օր առաջ միայն։ Մինչև այս պահը այն ինքնակամ շինություն էր համարվում՝ համապատասխան վճարումներ կատարելով Երևան քաղաքի բյուջեին, այդ գույքը գրանցվել է երկու օր առաջ։ Ես չէ, որ պետք է ասեմ, թե ինչ պետք է արվի այդ գույքի հետ, բայց պատրաստ ենք աջակցել իրավական որոշմանը՝ տվյալ գույքի հետ կապված»։