Ցավում եմ, որ երկու օդանավակայանն էլ մի կազմակերպության են պատկանում, տեղյակ չէի. ՏՄՊՊՀ անդամի թեկնածու
Ազգային ժողովում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հանձնաժողովի անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանից հետարքրքվեց, թե ինչպե՞ս է վերաբերում օդանավակայանի մատուցած ծառայությունների բարձր գներին:
«Սա մշտապես քննարկվող հարց է եղել և մենք լուծումներ այդպես էլ չենք գտել: Հատկապես հանձնաժողովից են ակնկալվել որոշակի գործողություններ, բայց ապարդյուն», - նշեց Բաբաջանյանը։
«Հպարտությամբ ուզում եմ ասել, որ մենք բավականին լավ օդանավակայան ունենք, բայց ցավով նշում եմ, որ մեր օդանավակայանի սպասարկման գները, չեմ ուզում ասել չհիմնավորված են, որովհետև ուսումնասիրություն չեմ անցկացրել, բայց բավականին բարձր են: Կարծում եմ՝ այստեղ շատ մեծ դեր պետք է ունենա երկրորդ՝ Գյումրու օդանավակայանի զարգացումը, եթե այն այս պահին կարողանա նորմալ մրցակցություն ապահովել, այստեղ կունենանք գների նվազեցում»,- պատասխանեց նա։
Պատգամավորն արձագանքեց, որ այդտեղ չի կարող լինել մրցակցություն, քանի որ օդանավակայանները նույն ընկերությունն է շահագործում:
«Ցավում եմ, որ երկու օդանավակայանն էլ մի կազմակերպության են պատկանում, տեղյակ չէի, ներողություն», - ասաց Ճաղարյանը:
«Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ հավելեց. «Մինչև մեր էժան վառելիքի ու մնացած պայմանները չլուծենք, երկրորդ ու երրորդ օդանավակայան ունենալու ցանկությունները զուտ կմնան որպես բարի ցանկություն»: