Էրարտա թանգարանում բացվել է քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի ցուցահանդեսը
Սանկտ Պետերբուրգի Էրարտա թանգարանում մայիսի 28-ին բացվել է քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի աշխատանքների ցուցահանդեսը։ Թանգարանի ֆեսյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Կոշտ գիծ» ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 50 ստեղծագործություն՝ արված մարմարից, բրոնզից, փայտից, ապակուց, պղնձից, արույրից։
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 20-ը։
Հայ քանդակագործ, ՌԴ ժողովրդական նկարիչԳեորգի Ֆրանգուլյանը ծնվել է 1945 թվականին Թբիլիսիի Սոլոլակի շրջանում։ 1956 թվականին ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա։ 1964 թվականին ընդունվել է Ստրոգանովի անվան արվեստի բարձրագույն ուսումնարան, որտեղ ուսանել է Ջորջ Մոտովիլովի և Ալեքսանդր Մատվեևի դպրոցներում։ Դեռևս ուսանողական տարիներից մասնակցում է ցուցահանդեսների։ ՈՒնեցել է շուրջ 100 ցուցահանդես։ Գեորգի Ֆրանգուլյանը ստեղծագործում է հաստոցային մոնումենտալ արվեստի բնագավառում։ Աշխատում է տարբեր նյութերով՝ բրոնզ, մարմար, փայտ, կերամիկա։ Ֆրանգուլյանի գործերում առանձնահատուկ տեղ են գրավում գրաֆիկական աշխատանքները։
1990-ական թթ. Ֆրանգուլյանը ստեղծել է նոր ժանր, որը անվանել է «քանդակային դիզայն»` դրանք ֆունկցիոնալ իրեր են` օրիգինալ փոխաբերական մարմնավորմամբ («Ժամացույցը» շարքը, 1993, բրոնզ, ոսկի, արծաթ, կիսաթանկարժեք քարեր)։
Ստեղծագործությունները գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում, Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանում, աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան