ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանտարկյալների փոխանակումը
ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին և եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին ու Ստեֆան Վիկոնտիին և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Միրոսլավ Լայչակին ներկայացվել է համանախագահների վերջին խորհրդակցությունների արդյունքները, այդ թվում՝ ապրիլի 15-ին Մոսկվայում ու հունիսի 20-ին Վաշինգտոնում համանախագահների հովանու ներքո անցկացված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները:
Համանախագահները նաև տեղեկացրել են մարդասիրական հարցերում առաջընթացի, այդ թվում նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանտարկյալների փոխանակման մասին։
Լայչակը լիակատար աջակցություն է հայտնել Մինսկի գործընթացին և համանախագահների աշխատանքին, ինչպես նաև կողմերի ջանքերին՝ նվազեցնել լարվածությունն ու ստեղծել բանակցություններում խաղաղության ու բովանդակային առաջխաղացման համար նպաստավոր մթնոլորտ:
Մեկնաբանելով բանտարկյալների փոխանակումը, ԵԱՀԿ գործող նախագահը նշել է. «Մենք ողջունում ենք այս մարդասիրական ժեստը, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող է երկխոսությունն ունենալ դրական արդյունքներ` հակամարտության հետևանքով տուժածների համար»:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) օժանդակությամբ և նրա հովանու ներքո իրականացրել են բանտարկյալների փոխանակում։
Ս.թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովը հունիսի 28-ին Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության և Հայաստանի պատկան մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ հանձնվել է Ադրբեջանում ԿԽՄԿ պատվիրակության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչներին:
Նույն օրը Հայաստանի իշխանությունների և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչներին է փոխանցվել 2017թ. հունիսի 20-ին չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան