Արմեն Մուրադյան. ԵՊԲՀ 8000 սովորողներից, յուրաքանչյուր 4-րդը արտերկրից է
Երկկողմ համագործակցությունը զարգացնելու և ճանաչողական նպատակներով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան է ժամանել Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարության պատվիրակությունը:
ԵՊԲՀ լրատվական ծառայությունից հայտնում են, որ վաղ առավոտից ԵՊԲՀ ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի, համալսարանական հիվանդանոցների ղեկավարների հետ մասնագետները քննարկեցին կրթական և կլինիկական ոլորտներին վերաբերող հարցեր:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ողջունելով հյուրերին ընդգծեց, որ ԵՊԲՀ-ն միտված է ընդլայնել Ինդոնեզիայի հետ գիտական և մանկավարժական ոլորտում համագործակցությունը:
«Երևանի պետական բժշկական համալսարանն այս պահին ամենամեծ միջազգային բուհն է Հայաստանի Հանրապետությունում»,- նշել է ռեկտորը՝ հավելելով, որ ԵՊԲՀ-ում սովորող 8000 սովորողներից, յուրաքանչյուր 4-րդը արտերկրից է:
Բուհի 1800 օտարերկրացի ուսանողները ներկայացնում են 18 ազգություն և վեց կրոն: Արմեն Մուրադյանը նշել է, որ հպարտանալու առիթ է, որ ԵՊԲՀ-ում կրթություն ստացած օտարերկրացի ուսանողները հաջողությամբ շարունակում են իրենց մասնագիտական գործունեությունն արտերկրում:
Այսօր հանրապետությունում աշխատող 10 000 բժիշկներից 90 տոկոսը ԵՊԲՀ շրջանավարտներ են: Արտերկրում մասնագիտական գործունեությունը շարունակում է 8000 շրջանավարտ, որից 500-ը՝ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգում:
Ինդոնեզիայից ժամանած հյուրերին ներկայացվել են կլինիկական գործունեությունը: Նրանք հետաքրքրվել են համալսարանական կլինիկաներում ուսանողների պրակտիկ գիտելիքներ ստանալու հնարավորություններով, հիվանդանոցների հագեցվածությամբ, մատուցվող ծառայություններով:
Շուրջ մեկ ժամ տևած քննարկումից հետո, պատվիրակության անդամները շրջել են ԵՊԲՀ տարբեր մասնաշենքերում, ինչպես նաև այցելել են սիմուլյացիոն կենտրոններ: