Լրագրողները՝ նաև խոհարար
Այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների ու բլոգերների համար աշխատանքային օրը սովորական չէր, այն սկսվեց լավաշ թխելով, տոլմա փաթաթելով ու խուրջին «կապելով»։
Գաստրոտուրի մասնակիցները հացթուխների ուղեկցությամբ թոնրում թխեցին հայկական ավանդական լավաշ, ռեստորանի բաց խոհանոցի մանղալի հատվածում շեֆ-խոհարար Նորայր Մխեյանի հետ միասին պատրաստեցին տոլմա և խուրջին, որն ի դեպ՝ տեսակով նոր է, սակայն ունի շատ ավելի հին պատմություն։
Առաջին հայացքից ոչ այդքան բարդ թվացող խաղողի թփով տոլմա փաթաթելը իրականում շատ ավելի նուրբ ու ուշադիր աշխատանք է պահանջում՝ գեղեցիկ ու համաչափ տեսք ստանալու համար, բայց դրանով ամենը չի ավարտվում, այն նաև կաթսայում ճիշտ դասավորել է պետք։
Շեֆ խոհարարը մասնակիցներին ներկայացրեց մեզ բոլորիս քաջածանոթ և սիրելի հայկական ավանդական ուտեստների պատրաստման փոքրիկ գաղտնիքներ: Նա խորհուրդ տվեց՝ ցանկացած ուտեստ համտեսել այն պատրաստ լինելուց կես ժամ անց, որպեսզի իրական համը զգացվի։
Ինչ վերաբերում է լավաշ թխելուն, ևս մեկ անգամ համոզվում ես՝ իզուր չէ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն ներառել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Խմորի պատրաստման գործընթացից մինչև թոնրի թեժ պատերին խփելու գործընթացն իսկական վարպետություն է պահանջում, ինչը լրագրողների մոտ այդքան էլ հեշտ չէր ստացվում։
Նշենք, որ ազգային խոհանոցին, հայկական խոհարարական մշակույթն ու հյուրընկալությունը ամբողջ աշխարհում ճանաչելի դարձնելու նպատակով Երևանում մեկնարկել է գաստրոզբոսաշրջության զարգացմանն ուղղված նոր նախագիծ:
Այսուհետ Հայաստան այցելած զբոսաշրջիկներն ու բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են հայկական խոհանոցային մշակույթով երևանյան ռեստորաններից մեկում կարող են մասնակցել գաստրոտուրերի, որոնց ընթացքում կծանոթանան մեր ազգային խոհանոցին, ուտեստների պատրաստման առանձնահատկություններին, ձեռք կբերեն հետաքրքիր և անմոռանալի գաստրոնոմիկ փորձառություն:
Հավելենք նաև, որ գաստրոտուրի ավարտին մասնակիցները համտեսեցին իրենց իսկ պատրաստած ուտեստները:
Ցանկացած գործ պետք է սիրով անել, որպեսզի արդյունքն էլ գեղեցիկ լինի, իսկ լրագրողների այսօրվա աշխատանքին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված լուսանկարներում։