Ադրբեջանից եկած հրդեհները միլիոնավոր դրամների վնաս են պատճառել Հադրութի բնակիչներին
Հունիսի 29-ին Արցախի ոստիկանության քննչական վարչությունից գրություն է ստացվել Արցախի ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ 24.06.2019թ. ԱԻՊԾ-ում ԱՀ քր. օր-ի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված համապատասխան քրեական գործով պարզվել է, որ 2019թ. հունիսի 4-ին ժամը 11:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքում ծագած հրդեհի տարածման հետևանքով, այրվել է ԱՀ Հադրութի շրջանի վարչական տարածքներից մեկի տեղամասում Հադրութ քաղաքի բնակիչ, 1985թ.ծնված Ս. Պ-ի կողմից վարձակալված 5 հա չափով գարու դաշտ՝ վերջինիս պատճառելով 760.000 դրամի համարժեք նյութական վնաս:
Ոստիկանույունից հայտնում են, որ սա միակ դեպքը չէ։ Հունիսի 6-ին ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքում, ծագած հրդեհի տարածման հետևանքով այրվել է Հադրութի շրջանի բնակիչներ՝ 1970թ.ծնված Վ. Ա-ի մշակած 15 հա, 1979թ.ծնված Վ. Գ-ի մշակած 11 հա, 1968թ.ծնված Է. Մ-ի մշակած 10 հա, 1981թ.ծնված Ա. Գ-ի մշակած 5 հա գարու դաշտերը, ինչպես նաև ԱՀ Մարտունու շրջանի բնակիչ, 1963թ.ծնված Վ. Ա-ի մշակած 7 հա ցորենի դաշտը, պատճառելով համապատասխանաբար 2.565.000, 1.691.000, 1.710.000, 855.000 և 1.680.000 դրամի համարժեք նյութական վնաս:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: