Աբովյանի ընտրություններում ՔՊ-ն պարտվեց հենց Ռոմանոս Պետրոսյանի պատճառով. Սասուն Միքայելյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, թե ինչու չի աջակցել ՔՊ-ական թեկնածուին՝ Գրիգոր Գուլյանին:
Նախ անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ հարաբերություններին, նշեց, որ նրա հետ աշխատել է այն ժամանակ, երբ շտաբ է ձևավորել, և Ռոմանոսին էլ նշանակել է շտաբի պետ:
«Այդ ընթացքում համատեղ աշխատել ենք, հետո իրեն բերել ենք ինձ օգնական»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Այնուհետև անդրադառնալով Աբովյանի ընտրություններին՝ մասնավորապես Կոտայքի մարզպետի այն հայտարարությանը, թե Սասուն Միքայելյանը Աբովյանի ընտրություններում ՔՊ-ին չի աջակցել, Սասուն Միքայելյանն ասաց. «Ասում է՝ Աբովյանի ընտրություններին Սասուն Միքայելյանը չի մասնակցել, դրա համար ենք պարտվել, էն «Մաուգլիի» միջի շակալի պես՝ «Акела промахнулся»: Ուրեմն ինչ է եղել. ինքը թեկնածու է առաջարկել: Այսինքն` ինքն ուզեցել է մարզում դառնա դեմք: Թեկնածու է բերել ներկայացրել վարչության նիստին, ես դեմ եմ քվեարկել: Երկրորդ անգամ, երբ արդեն հաստատված պետք է առաջադրվեր ՔՊ-ի կողմից, ես նորից դեմ եմ քվեարկել: Դրանից հետո ես չեմ խառնվել Աբովյանի ընտրություններին, չեմ միջամտել՝ պահելով ՔՊ-ի կարգ ու կանոնը»։
Նրա խոսքով՝ ինքը նաև ասել է, որ ճանաչում է Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանին դեռ 1999 թվականից, երբ նա եղել է ԱԺ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հանձնաժողովի փորձագետ:
«17-18 տարի եղել է ԱԺ-ում, որից 15 տարին եղել է այդ հանձնաժողովի փորձագետը: Ես ասել եմ, որ պետք չի տանել ցնցումների, հիմա էլ եմ ասում: Ինքը շատ կիրթ, կարգին, նորմալ երիտասարդ է և այն քաղաքապետներից մեկն է, որ բյուջեն կատարել է 104-105 տոկոսով: Այսինքն՝ գերակատարել է»,- նշեց Սասուն Միքայելյանը:
Ըստ նրա՝ սա է եղել պատճառը, որ ինքը չի խառնվել ընտրություններին և ՔՊ-ի թիկունքից էլ չի խփել, որևէ մեկին էլ չի ասել, որ պետք է ընտրեն գործող քաղաքապետին:
Սասուն Միքայելյանի խոսքով՝ Աբովյանի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվեց հենց Ռոմանոս Պետրոսյանի պատճառով, որն անձնավորել է այդ ընտրությունները:
«Պատկերացրեք՝ վարչապետը չգնար Աբովյան, ինչ էր կատարվելու այնտեղ։ Մարդիկ կան, որ իներցիայի տակ ժողովուրդն ինչ-որ հարցի շուրջ ձայն է տալիս, իրենք գիտեն թե դեմք են դարձել կամ մեծ դերակատարություն են ունեցել մեր հայոց պատմության կամ թավշյա հեղափոխության մեջ: Ռոմանոսը այդպես մի ակտիվ չէր հեղափոխության ժամանակ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ եթե դասեր չքաղեն, թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում:
Հարակից հրապարակումներ`
- Մարզպետի կարգավիճակում որևէ գործողություն չեմ ձեռնարկել. Ռոմանոս Պետրոսյան
- Աբովյանի պատճառները և հետևությունները
- Վարչապետը բացատրություններ է տալիս Աբովյանի ընտրությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան