Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու համար անհրաժեշտ է 19-21 մլն դոլար. ՊԵԿ նախագահ
Ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու մեկնարկը տրվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ փուլում է գտնվում ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու հարցը, ինչու է ձգձգվում, և արդյոք վարչապետի հանձնարարականը չի կատարվում:
«Իսկ ո՞վ է ասել, որ չի կատարվում: Վարչապետը հարցի պատասխանը հնչեցրել է ԱԺ-ում, որ ավելի համապարփակ լուծում է տվել, և Գյումրիում կառուցվելու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, որը ոչ միայն իրականացնելու է ավտոմաքսատան ֆունկցիա, այլ նաև ընդգրկուն գործառույթներ: Մեկնարկն արդեն տրվել է, պրոցես է գնալու: Եթե պատկերացնում եք, որ դա պետք է լինի մի քանի ամիսների ընթացքում, այդպես չէ, դա կլինի տարիների ընթացքում»,- ասաց Դավիթ Անանյանը:
Հարցին, թե դա նշանակում է՝ Երևանում մաքսատուն չի լինելո՞ւ, ՊԵԿ նախագահն ասաց, որ ժամանակի ընթացքում Երևանից մաքսային ձևակերպումները դուրս են գալու, ունենալու են հյուսիսային և հարավային տարածաշրջանային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ:
Դավիթ Անանյանը նաև հայտնեց, որ Շիրակի կենտրոնի վայրն արդեն ընտրվել է. «Եթե Երևանում չի լինելու ավտոմեքենայի մաքսատուն, դրա փոխարեն լինելու է Գյումրիում՝ ավելի մեծ գործառույթներով: Հիմա վարչապետի հանձնարարականը կատարվե՞լ է, թե ոչ»:
Անդրադառնալով ֆինանսական միջոցներին՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ այդ կենտրոնները, հավանաբար, կկառուցվեն դոնորների, գրանտային և վարկային միջոցների հաշվին: Ըստ նրա՝ նախնական հաշվարկներով՝ յուրաքանչյուր կենտրոնի համար անհրաժեշտ է 19-21 մլն դոլար:
Դավիթ Անանյանը նաև հայտնեց, որ ներկայիս Նորագավիթի ավտոմաքսատան շենքը պետությունը վարձակալում է:
Հարցին, թե վարձակալել են Սամվել Ալեքսանյանի՞ց, ՊԵԿ նախագահը բացասական պատասխան տվեց. «Վարձակալի անունն այս պահին չեմ հիշում, բայց Սամվել Ալեքսանյանը չէ»:
Դիտարկմանը՝ արդյոք Շողեր Ալեքսանյանին է տարածքը, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Դուք կարծում եք, որ ես բոլոր վարձակալների պայմանագրերն անգիր հիշո՞ւմ եմ: Կարծեմ Շողերինն է»:
Ինչ վերաբերում է Նորագավիթ ավտոմաքսատան հերթերին, ՊԵԿ նախագահն ասաց, որ հերթերը կառավարվում են, բայց մեքենաների ծավալները գնալով մեծանում են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան