Արքայադուստր Դիանան կարող էր խաղալ «Թիկնապահը 2» ֆիլմում
Դերասան Քևին Քոսթները հայտարարել է, որ արքայադուստր Դիանան համաձայնվել էր նկարահանվել «Թիկնապահ» ֆիլմի շարունակությունում։ aif.ru-ի հաղորդմամբ, գրել է People-ը։
Քոսթները պատմել է, որ արքայադուստր Դիանան ցանկացել է, որպեսզի նա ֆիլմի համար սյուժե գրի, որում կարող է խաղալ գլխավոր դեր։ Դերասանի խոսքով, երբ նա Լեդի Դիի հետ խոսել է հեռախոսով, նա թեև հուզվում էր, բայց փորձում էր իրեն զսպել։ Արքայադուստր Դիանան հարցրել է դերասանից, թե արդյոք ֆիլմում լինելու է համբույրի տեսարան։
Քոսթները նշել է, որ սյուժեի համաձայն, նա պետք է պաշտպաներ արքայադստերը չափազանց «աներես» պապարացիներից և երկրպագուներից, հավելել է, որ թիկնապահի և արքայադստեր հարաբերությունները պետք է դառնային ռոմանտիկ։
Դերասանը պարզաբանել է, որ արքայադուստրը չի կարողացել մասնակցել այդ նախագծին, որովհետև ֆիլմի սցենարը պատրաստ էր 1997 թվականի օգոստոսին՝ Փարիզում Դիանայի ավտովթարից զոհվելուց մեկ օր առաջ։