Փաշինյան. Դատախազությունը հստակ ի ցույց դրեց, որ նոր Հայաստանի դատախազություն է
«Դատախազության ու իրավապահ համակարգի գործունեության արդյունքում է, որ «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» արտահայտությունը պետք է դառնա որպես թանգարանային բանահյուսական պատմություն ու որևէ աղերս չպետք է ունենա մեր այսօրվա իրականության հետ»,-դատախազության օրվա առթիվ հրավիրված կոլեգիայի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, Հայաստանում յուրաքանչյուր մարդ պետք է զգա, որ պաշտպանված է, այստեղ պետք է դատախազությունն ունենա առաջնորդող դեր։
«Հայաստանի Հանրապետությունում այլևս էլիտար շնորհ չպիտի լինի, յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ համազգեստ ու ուսադիրներ կրող մարդիկ անմնացորդ նվիրված ծառայում են յուրաքանչյուր քաղաքացու իրավունքի՝ անկախ նրա կարգավիճակից, ծագումից, սոցիալական վիճակից, աշխատանքից ու զբաղմունքից։ Այս առաքելությունը պատմական, շրջադարձային, չեմ վախենա ասել հեղափոխական նշանակություն ունի»,-ասաց նա։
Փաշինյանը դատախազության վերջին մեկ տարվա գործունեությունը գնահատեց արդյունավետ։
«Սա չի նշանակում անթերի։ Կարծում եմ, մեզանից ոչ մեկի գործունեությունն անթերի չէ։ Բայց կարծում եմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում Դատախազությունը հստակ ի ցույց դրեց, որ նոր Հայաստանի դատախազություն է և պատրաստ է իրականացնել այն առաքելությունը, որ ժողովուրդը դնում է նրա առաջ»,-ասաց նա։