Դատախազությունը հաստատել է Արամ Հարությունյանի կողմից կաշառք ստանալու գործից անջատված մասով անձանց մեղադրանքները
Դատախազությունը հաստատել է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործից անջատված մասով մեղադրյալներ Արաքս Դիլանյանի և Վիկտոր Մարտիրոսյանի մեղադրանքը: Այս մասին գրում է hetq.am կայքը։
Գործը դատարանում է, մակագրվել է դատավոր Արմեն Վարդապետյանին: «Դատալեքս» դատական- տեղեկատվական համակարգից հայտնի է դառնում, որ Արաքս Դիլանյանը մեղադրվում է նախկին նախարարի կողմից առանձապես խոշոր չափով կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, իսկ Վիկտոր Մարտիրոսյանը` կաշառքի օժանդակության, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու մեջ:
Մասնավորապես, ըստ առաջադրված մեղադրանքների, Վիկտոր Մարտիրոսյանը, տևական ժամանակ մտերիմ հարաբերություններ ունենալով Արամ Հարությունյանի հետ, 2008 թվականի սկզբներին տեղեկացել է, որ վերջինս գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք և հնարավորություն է ունեցել կաշառքի գումարի որոշ մասը ստանալ Արաբական Միացյալ Էմիրություններում բանկային փոխանցման եղանակով:
Մարտիրոսյանը, Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու դիտավորությամբ, ԱՄԷ-ում իր անվամբ բացված հաշվեհամարը և անհրաժեշտ մյուս տվյալները փոխանցել է նրան և այդ կերպ միջոցներ տրամադրել Արամ Հարությունյանին կաշառքի գումարի մասը` 8 մլն ԱՄՆ դոլարը նշված եղանակով ստանալու համար:
Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, գործարար Սիլվա Համբարձումյանի առաջարկով ԱՄԷ-ում գրանցված արաբական կազմակերպությունը 2008թ. փետրվարի 7-ին 8 մլն ԱՄՆ դոլարը փոխանցել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու պատրաստակամություն հայտնած, այդ նպատակով իր բանկային հաշվեհամարը տրամադրած, ԱՄԷ-ում մշտական բնակություն հաստատած Հայաստանի քաղաքացի Արաքս Դիլանյանի՝ Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում ունեցած հաշվեհամարին, որից հետո, ըստ մեղադրանքի, նշված գումարից 797 918 520 դրամին համարժեք 9 499 030 ԱՄԷ դիրհամ և 769 125 000 դրամին համարժեք 9 156 250 ԱՄԷ դիրհամ գումարները փոխանցել է Արամ Հարությունյանի մտերիմների, այդ թվում Վիկտոր Մարտիրոսյանի հաշվեհամարներին:
Դրանից հետո Վիկտոր Մարտիրոսյանը Արամ Հարությունյանի մյուս մտերիմներն իրենց հաշվեհամարներին փոխանցած գումարների մի մասը կանխիկացրել են, դրանք տնօրինել Արամ Հարությունյանի ցուցումներով, իսկ մյուս մասը Հարությունյանի մտերիմները փոխանցել են նրա` Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում ունեցած հաշվեհամարին:
Վիկտոր Մարտիրոսյանն իր հերթին, կաշառքի առարկա հանդիսացող, իր բանկային հաշվեհամարին փոխանցված գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու, խեղաթյուրելու և դրան օրինական տեսք հաղորդելու նպատակով հանցավոր ճանապարհով ստացված գումարը Արամ Հարությունյանի առաջարկությամբ 2011թ. մարտի 23-ին իր հաշվեհամարից փոխանցել է միջազգային ընկերության՝ Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող բանկային հաշվեհամարին: Արամ Հարությունյանն էլ, իր հերթին, հանցավոր ճանապարհով ստացված գումարները փոխանցել է նույն բանկային հաշվեհամարին, ապա կազմակերպել հիշյալ հաշվեհամարից գումարների պարբերաբար փոխանցումը իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող և Հայաստանի տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերության հաշվեհամարին:
Կաշառքի գործի շրջանակներում նախկին նախարար Արամ Հարությունյանն, ինչպես նաև նրա մտերիմներից Սուրեն Ավագյանը մեղադրյալի կարգավիճակ ունեն:
2007 թվականի հունիսի 8-ից Հարությունյանը զբաղեցրել է բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ հանդիսացել ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահը: Ըստ մեղադրանքի՝ նախկին նախարարը գործարար Սիլվա Համբարձումյանից 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար, ապա հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարի իրական ծագումը թաքցնելու ուղղությամբ մտերիմների միջոցով կատարել Վիկտոր Մարտիրոսյանի մեղադրանքում վերը նկարագրված գործողությունները: Սուրեն Ավագյանը մեղադրվում է կաշառքի օժանդակության մեջ: Վերջինիս, ինչպես նաև Արամ Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված:
Փետրվարի վերջին լրագրողների հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ Հարությունյանը Հայաստան տարածքը օրինական ճանապարհով չի լքել: Այսինքն` չի բացառվում, որ նա կարող է և Հայաստանում լինել:
Աղբյուրը հիշեցնում է, որ Արամ Հարությունյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը հարուցվել է դեռևս 2015 թվականին, ապա 2017-ին կարճվել ապացույցների անբավարարության հիմքով: Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, սակայն գործը վերաբացվել է:
Վերաբացման որոշումն ամիսներ առաջ բողոքարկվել է Արաքս Դիլանյանի կողմից և մինչ օրս բողոքը քննվում է դատարաններում: Դրան մասնակցում են նաև գործով մեղադրյալներ Վիկտոր Մարտիրոսյանի, Արամ Հարությունյանի, Սուրեն Ավագյանի պաշտպանները, Սիլվա Համբարձումյանը: Մեկ անգամ առաջին ատյանի դատարանը վերաբացման որոշումն օրինական է համարել, սակայն վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանել ու այն ուղարկել է նոր քննության: Բողոքը մակագրվել էր դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն վերջինս տևական ժամամանակ այն քննելուց հետո որոշել է ինքնաբացարկ հայտնել: Այս պահին գործը մակագրվել է դատավոր Նելլի Բաղդասարյանին:
Ստացվում է, որ Արաքս Դիլանյանի և Վիկտոր Մարտիրոսյանի վերաբերյալ բուն գործն արդեն դատարանում է, բայց դեռևս դատական կարգով պետք է ստուգվի քրեական գործի վերաբացման օրինականությունը:
Ըստ գործով մեղադրյալների պաշտպանների՝ տվյալները, որոնց հիման վրա քրեական գործը վերաբացվել է, հայտնի են եղել քննությունն իրականացնող մարմնին, այս ուղղությամբ քննություն է կատարվել և ձեռք բերված ապացույցները բավարար չեն եղել անձի մեղավորության մասին եզրակացություն իրականացնելու համար:
Մինչդեռ դատախազությունը պնդում է, որ գործում նոր երևան եկած հանգամանք կա: Բանն այն է, որ 2015-ին քրեական գործի հարուցումից հետո դատախազությունն ԱՄԷ հարցում է ուղարկել՝ հետաքրքրության առարկա հանդիսացող գումարի շարժը, դրանց գործով մեղադրյալների առնչությունը ստուգելու համար, ԱՄԷ-ից պատասխան չի ստացել, սակայն քրեական գործի կարճման որոշումից հետո անակնկալ կերպով ստացվել է հարցման պատասխանն ու պարզվել, որ Արաքս Դիլանյանի հաշվեհամարին գումար է փոխանցվել և որ դա եղել է գործով հետաքրքրություն ներկայացնող գումարը:
Քրեական գործի շրջանակներում Արաքս Դիլանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Վիկտոր Մարտիրոսյանը գտնվում է կալանքի տակ:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Հարությունյանի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվողների քրգործի նախաքննությունն ավարտվել է
- «Ժողովուրդ». Արամ Հարությունյանի նկատմամբ մեկ այլ դրվագով էլ է քրգործ հարուցված եղել
- Դատարանը բավարարել է Արամ Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը
- Եթե ԱԺ-ում Արամ Հարությունյանի հարցով քվորում չլինի, հաջորդ ԱԺ-ն այդ հարցին կանդրադառնա. Նիկոլ Փաշինյան (լրացված)
- ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրել
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա