ԲԴԽ անդամի թեկնածուն առաջարկում է ընդհանրապես հրաժարվել վեթթինգ բառից
Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է պատկերացնում դատական համակարգի հանդեպ հասարակության վստահության բարձրացման ապահովումը։
Ի պատասխան թեկնածուն ասաց. «Առաջինը պետք է ուշադրություն դարձնել հարցին, թե ինչպես են մարդիկ վստահում։ Վստահում են, երբ հարցը արագ է լուծվում, արդյունավետ, իրենց գոհացնում է, կամ գոնե հասկանում են, որ դա արդար էր։ Այսինքն, եթե իրենց չի էլ գոհացնում, պետք է վստահ լինեն, որ դա արդար էր»։
Մարգարյանի խոսքով՝ երկու կարևորագույն կոմպոնենտ է պետք է այս պահին՝ կոռուպցիայի վերացում և գործի արդյունավետության ապահովում։
«Երբ բնակիչը կդիմի դատարան և կհասկանա, որ իր քաղաքացիական գործի լուծումը ոչ թե տևելու է երկու-երեք տարի կամ ավելի, այլ առավելագույնը երեք-չորս ամիս, վստահության մակարդակը կբարձրանա։ Դատավորների, դատական համակարգի նկատմամբ վստահությունը պետք է լինի ոչ միայն շարքային քաղաքացու մակարդակով, այլ պետք է ձևավորվի ամենաբարձր մակարդակից սկսած։ Մեզանից յուրաքանչյուրը, լինելով պաշտոնատար անձ, ԱԺ պատգամավոր, անկախ նրանից համաձայն ենք այս կամ այն դատավորի վարքագծի հետ, թե ոչ, պետք է ցույց տանք սխալը, ոչ թե համակարգը փորձենք անվանարկել»,- ասաց թեկնածուն։
Պատգամավոր Սերգեյ Ատոմյանն էլ հետաքրքրվեց վեթթինգից։
«Իմ կողմից կլինի խնդրանք՝ ընդհանրապես հրաժարվել վեթթինգ բառից, որովհետև այն ոչ միշտ է դրական պոտենցիալ պարունակում: Այստեղ խնդիրը զուտ վեթթինգի հարցը չէ, մենք ունենք մի խնդիր՝ ապահովել բարեվարքություն դատական համակարգում, ապահովել արդար, անաչառ, մարդու իրավունքները հարգող և սեփական համոզմունքների ու իրավունքի վրա հիմնվող դատավոր: Դրանք պիտի լինեն այն չափանիշները, որոնց վրա հիմնվելու ենք, հետևաբար ասել, որ իրականացնելու ենք վեթթինգ կլասիկ իմաստով, ես դրանից ձեռնպահ կմնայի։ Պետք է դատավորների մասնագիտական գործունեությանը վերաբերող հստակ պահանջներ ներկայացվեն ու միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել դատական համակարգում բարեվարքությունն ապահովելու ճանապարհների մասին»,- պատասխանեց Մարգարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ սկզբունքով եք ընտրել ԲԴԽ անդամի թեկնածուին. Բագրատյանը Մակունցին
- «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Աննա Մարգարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին