Սասնա Ծռեր. Որևէ խանգարող հանգամանք չկա, որ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը դուրս գան բանտից
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարությունը տարածել է հայտարարություն՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքին կան Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին կալանքից ազատելու տարատեսակ իրավաչափ հնարավորություններ։
«Ավելի քան մեկ տարի է անցել ազգադավ ու ոճրագործ ռեժիմի տապալումից։
Սակայն, ի զարմանս բազմահազար քաղաքացիների, ոչ միայն չի դադարեցվել նրա դեմ ապստամբած Սասնա Ծռեր խմբավորման անդամների նկատմամբ ռեժիմի հարուցած շինծու մեղադրանքը, այլև նույնիսկ չի փոփոխվել խմբավորման անդամներից Արմեն Բիլյանի ու Սմբատ Բարսեղյանի խափանման միջոցը և նրանք դեռևս գտնվում են բանտում՝ մինչ օրս մնալով որպես ռազմագերիներ ու քաղբանտարկյալներ։
Շատ ցավալի էր, որ Նիկոլ Փաշինյանը ռազմագերի ապստամբներին անհապաղ ազատելու փոխարեն նրանց հանձնեց տասնամյակներ շարունակ ռեժիմի գործիքի վերածված դատաիրավական համակարգի հայեցողությանը։ Այն համակարգին, որի դեմ ապստամբեց ու որին մերժեց մեր ամբողջ ժողովուրդը։
Սասնա Ծռերը, մինչդեռ, հանուն ազգային ու պետական շահի՝ նույնիսկ իրենց իրավունքների հաշվին, աջակցեցին ռեժիմին տապալած ժողովրդին առաջնորդած Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որպեսզի իրենց խղճի և ժողովրդի ու պատմության առաջ մաքուր լինեն։
Այդ տրամաբանությամբ, ղեկավարվելով ազգի և հանրային համերաշխության գերակայության գիտակցությամբ, նրանք համաձայնեցին իրենց համար խիստ վիրավորական համաներման կիրառմանը, որը, սակայն, նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության կամքով ու ձեռքով վերածվեց ծուղակի և էլ ավելի խորացրեց ճգնաժամը՝ ոտնահարելով նույն ազգային շահը և հանրային համերաշխությունը։
Իրավունքի, արժանապատվության, մեր պետականության և ազգի դեմ, մեղմ ասած, վտանգավոր ու վիրավորական երկակի ստանդարտներով իրականացվող այս չարդարադատությունը չի կարող երկար շարունակվել։
Առաջիկայում, իհարկե, կներկայացնենք երևույթի վերաբերյալ մեր ամբողջական գնահատականը, իսկ այսօր, ս.թ. հուլիսի 10֊ին նշանակված Սասնա Ծռեր խմբավորման անդամների 1֊ին խմբի դատավարության հերթական նիստին ընդառաջ, կարևորում ենք Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին կալանքից ազատելու հարցը։
Որևէ խանգարող հանգամանք չկա, որ նրանք դուրս գան բանտից և ոչ կալանավորի կարգավիճակով գնան դատարան։
Ընդհակառակը, նման քայլը զգալի չափով կփարատի արդարության վերականգնման հեռանկարի նկատմամբ հանրային կասկածները և կչեզոքացնի ճգնաժամի խորացման միտումները։
Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքին կան Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին կալանքից ազատելու տարատեսակ իրավաչափ հնարավորություններ։
Դեռևս ուշ չէ բավարար ցանկություն ու կամք դրսևորելու և առաջին քայլը կատարելու համար»,-ասված է տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ժամանակն է կալանքից ազատելու Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին. «Սասնա Ծռեր»
- Ս. Բարսեղյանի, Ա. Բիլյանի և Պ. Մանուկյանի խափանման միջոցը փոխելու պահանջը հասունացած է. Վարուժան Ավետիսյան
- ՄԻՊ ներկայացուցիչները ստուգել են Բիլյանի, Բարսեղյանի, Խանդոյանի առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ա.Բիլյանին և Ս. Բարսեղյանին
- ՔԿՎ. Բիլյանի` հացադուլ հայտարարելու և իրեն «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու պահանջը հիմնազուրկ է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին