Կրթության փորձագետ. Այսօր դպրոցները, մանկապարտեզները պահանջում են միջամտություն
«Կրթության ոլորտում կան բազմաթիվ կուտակումներ, սակայն ընտրություններում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, այսինքն՝ հետագա փոփոխությունների, ծրագրերի առաջարկը հենց «Իմ քայլի» վրա է»,- «Երևանի ավագանու նախընտրական խոստումները՝ կրթական ոլորտում. մեկ տարվա հաշվետվություն» թեմայով քննարկմանն ասաց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը։
Նրա խոսքով, իհարկե, իրենք իրենց կողմից կներկայացնեն նախագծեր, միաժամանակ նշեց, որ կրթական ոլորտում նախագծեր դեռ չեն առաջարկվել։
«Կոնկրետ կրթականին չենք հասել, բայց կաշխատենք։ Մենք կառաջարկենք նախագծեր, հետագա քայլերը՝ իրականություն կդառնա՞ն կամ ի՞նչ սկզբունքով կգնան, արդեն «Իմ քայլինն» է»,-ասաց Մ. Մանրիկյանը։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանն ասաց, որ մինչև տարեվերջ 1000 երեխայի մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կլինի։
«Սա տարբեր համայքներում մանկապարտեզների շենքերում տեղակայված տարբեր կազմակերպություններից հետ վերցված տարածքներ են հնարավորություն տալիս»,- նշեց նա։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ասաց, որ կրթության ոլորտին դեռ չեն անդրադարձել։ Նա նշեց, որ քաղաքապետարանի կրթության հանձնաժողովում իրենք անդամ չունեն, բայց մասնակցում են նիստերին՝ ձայնի իրավունք չունենալով։ Ա. Խաչատրյանն ասաց, որ իրենց նախընտարական ծրագրի կետերը կփորձեն գործընկերների հետ համաձայնելով՝ ինչ-որ արդյունք գրանցեն։ Նա ասաց, որ իրենց ծրագրում կարևորել են մանկապարտեզների բյուջեի ավելացումը, թեև այս ուղղությամբ որևէ քայլ չի արվել։
Open Society Foundations - Armeniaի կրթական ծրագրերի պատասխանատու, կրթության փորձագետ Լիլիթ Նազարյանն ասաց, որ Երևանի տարբեր համայնքների միջև չի պահպանվում սոցիալական արդարությունը, անզեն աչքով երևում է, որ Երևանի կենտրոնում տեղակայված դպրոցներն ավելի լավ շենքային պայմաններ, ավելի հագեցած ուսուցչական համակազմ ունեն, մինչդեռ ծայրամասերն այս առումով ավելի վատ վիճակում են գնում դպրոցները։
«Ոչ մի կուսակցություն կամ դաշինք իր նախընտրական ծրագրում չի թիրախավորել այս հարցը, հետևաբար անդրադարձ էլ չի կատարել»,- ասաց նա։
Կրթության փորձագետի Սերոբ Խաչատրյանն ասաց, որ այսօր կա վիճակ, որ դպրոցները, մանակապարզները պահանջում են միջամտություն. «Մենք չենք հասել զարգացման այն մակարդակին, որ թողնենք դպրոցները, մանկապարտեզներն ինքնուրույն։ Շատ հարցերում անորոշություններ կան, առաջնորդության պակաս կա»։
Նա շատ է կարևորում մանկապարտեզների հարցը, ուրախ է, որ շենքների վերադաձման միջոցով երեխաների ընդգրկվածությունն ավելանում է։
«Սա Հայաստանի համար մեկ ռազմավարական խնդիրներից է։ Եթե մենք մանկապարտեզները չզարգացնենք, մենք ոչ մի բան չենք կարող ունենալ։ Սա է հիմքը։ Մարդիկ ապացուցում են, որ նախադպրոցական տարիքի երեխայի վրա կատարված յուրաքանչյուր մեկ դոլարի ներդրումը տասնապատիկ հետ է գալիս։ Իսկ մենք այս համակարգը հանձեցինք համայնքերին»,- ասաց կրթության փորձագետը։
Նրա կարծիքով, դպրոցական կրթության ոլորտում ավագանին, քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը շատ մեծ դեր կարող են խաղալ, որովհետև ամեն դեպքում դպրոցների տնօրենները, խորհուրդների անդամներն ավելի շատ շփվում են քաղաքապետարանի հետ։ Նրա խոսքով, ավագանին պրոֆեսիոնալ դարձնելուց զատ պետք է նաև դպրոցական խորհուրդները պրոֆեսիոնալ դարձնեն։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետարանը քննարկում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը
- ԿԳՆ-ն առաջարկում է մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներին մեկ ժամ շուտ թողնել աշխատանքից
- Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 70 տոկոսը մանկապարտեզ չի հաճախում. ՅՈՒՆԻՍԵՖ
- Հայաստանի դպրոցները շատ քիչ համակարգիչներ են ստացել. կրթության փորձագետ
- Երևանի 2019թ. բյուջեի ավելացող10 մլրդ դրամից խոշոր մաս կուղղվի մանկապարտեզներին